Հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների։ Մայրաքաղաքում NEWS.am-ի անցկացրած հարցմանը մասնակից քաղաքացիները նշել են, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս, աշխատում են տանը մնալ, պարբերաբար օդափոխում են տունը, հեղուկներ են օգտագործում՝ չվարակվելու համար:
«Տնից դուրս չենք գալիս: Ամսի 1-ից հետո այսօր նոր դուրս ենք եկել, այն էլ որովհետեւ շատ անհրաժեշտ էր: Չենք շփվում գրիպով հիվանդ մարդկանց հետ: Մեր հարազատներից մի քանիսը հիվանդանոցում են, բայց անգամ իրենց չենք այցելում, որ չվարակվենք»,- ասաց հարցվածներից մեկը՝ խորհուրդ տալով լավ սնվել ու շատ հեղուկներ օգտագործել:
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ խունկ է վառում տանը, ինչը օգուտ է տվել, ընտանիքի անդամներից ոչ ոք գրիպով չի վարակվել:
Քաղաքացիներից քչերն են, սակայն, տնից դուրս գալիս բժշկական դիմակ կրում, քսուքներ օգտագործում: Հարցվածներից ոմանք նշում էին՝ պատճառը այն է, որ դեռ չեն վարակվել, ոմանք էլ ասում էին՝ կրում են միայն հիվանդանոց այցելելիս:
Տարածված սուր շնչառական վարակները բոլորի համար, սակայն, նույն անունն ունեն՝ խոզի գրիպ:
«Ասում են՝ խոզի գրիպ ա, խոզի գրիպ ա: Էնքան որ վախացնում ա, որ անունը խոզի գրիպ ա, թե չէ պետք ա սթրես չապրես, լավատեսորեն նայես ամեն ինչին ու ոչ մի բան էլ չի լինի»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը հունվարի 12-ի դրությամբ 799 է: Հանրապետությունում «Խոզի գրիպից» մահացության 10 դեպք է գրանցվել: Առողջապահության նախարարությունը շարունակում է պնդել, որ իրավիճակը բարելավվում է, հանրապետությունում համաճարակ չկա:











