Կառավարությունում այսօր նորանշանակ նախարարների դեֆիլեն էր: Տեսախցիկների աջեւ դաշնակցականները վաղուց այսպես պահանջված չէին եղել: Առաջին օրը լրագրողները նրանց չխնայեցին. հարցերը ամենացավոտ խնդիրների մասին էին: Կրթության նոր նախարարի գործն ավելի բարդ է. նրան բաժին է ընկել կառավարության ամենապոպուլիստ նախարարի պորտֆելը: Դաշնակցական նախարարը, սակայն, Աշոտյանի հետ ոտք չի կմեկնի` Ֆեյսբուքում չկա ու չի էլ լինի:
Դաշնակցական մարզպետները նույնպես շուտով գործի կանցնեն: Այսօր հրաժարական են ներկայացրել կոալիցիային զոհ գնացած Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Գալուստ Սահակյանին Ազգային ժողովում արդեն կարոտել են: Հրանտ Բագրատյանը կարոտը Հերմինե Նաղդալյանից է առել:
Լուկաշենկոն լեզվի ավելի բարձրաստիճան սայթաքումներն է թույլ տալիս: Վլադիմիր Պուտինին Բելառուսի նախագահը դիմել է վարչապետ Մեդվեդեւի անուն հայրանունով:
Այսուհետեւ Սաուդյան Արաբիան Սիրիայում Իսլամական պետության դիրքերին կհարվածի նաեւ Թուրքիայի տարածքից: Միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակում վաղը Սաուդյան Արաբիայի F-15 ռազմական օդանավերը կժամանեն Թուրքիա:
2012 թվականին ստամբուլահայ տարեց կնոջն սպանելու մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանին ցմահ ազատազրկման են դատապարտել: Մեղադրյալը մինչեւ վերջին պահը իր մեղավորությունը չի ընդունել: Դատարանը անտեսել է նաեւ այն փաստը, որ դեպքի վայրում այլ մարդկանց արյան հետքեր են եղել:
Գասպարին դիտորդներին ուղարկել է պոնչիկ ուտելու: Գնացեք վայելեք ձեր պոնչիկով եվրոսեմինարները՝ ասել է ակտիվիստն իրեն կալանավայրում այցելած դիտորդների խմբին: Խցակիցների կողմից բռնության ենթարկվելու՝ Գասպարիի ահազանգը դարձել է հասարակական հնչեղության առաջին գործը նորընտիր օմբուդսմենի համար: Թաթոյանի դիմումի հիման վրա գլխավոր դատախազը ՀՔԾ-ին հանձնարարել է նյութեր նախապատրաստել:
Իշխանափոխության համար պայքարող Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը այսօր կեսգիշերից Ազատության հրապարակը կհանձնի Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամներին: Երեւանի քաղաքապետարանը փետրվարի 26-ից Նոր Հայաստանին արգելել է շարունակել շուրջօրյա նստացույցերը: Ոտքի Հայաստանը նույնպես թույլտվություն չունի, բայց մտադիր չէ հեռանալ հրապարակից:
Եթե ձեր հարազատներից մեկը հանկարծ սկսում է գումար հավաքել ու թղթի վրա անհասկանալի գրանցումներ անել, ուշադիր եղեք, նա ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ինքասպան լինել, հենց որ թաղման համար նախատեսած ամբողջ գումարը հավաքի: Հոգեբան Սամվել Խուդոյանը` նախազգուշացնում է, ինքասպանությունները շատացել են, իսկ սա ինքասպանության պատրաստվողին բնորոշ պահվածք է:
Հայաստանում ամեն օր 50-80 մարդ վիրահատության միջոցով ազատվում է իր հայկական քթից: Իսկ ամռանն այս թիվը հասնում է օրական 300-ի: Պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանի խոսքով՝ երկրորդ տեղում կրծքի պլաստիկ վիրահատություններն են. երիտասարդ աղջիկները մեծացնում են, բարձր տարիքի կանայք՝ հիմնականում փոքրացնում:
Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է: 80-ամյա դերասանի ընտրյալը նրանից 44 տարով փոքր է: 36-ամյա Վիտալինան եւ դերասանը 15 տարի է՝ միասին են: Սակայն երկրորդ կնոջից Ջիգարխանյանը բաժանվել էր միայն անցած տարի:
Օբաման երգել է Ռեյ Չարլզի պատվին կազմակերպված համերգին: ԱՄՆ նախագահը սկզբում չեմուչում է արել, բայց երբ համոզել են երգել, բոլորին վարակել է իր ջերմ կատարումով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 25-ին նվազել է՝ կազմելով 491 դրամ: Ռուսական ռուբլին թանկացել է՝ 6.44 դրամ, եվրոն՝ նույնպես՝ 541: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է՝ 684 դրամ։
Վաղը Հայաստանի տարածքի մեծ մասում և մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:Երեւանում փետրվարի 26-ին կլինի մինչև 5, իսկ ցերեկը` մինչև 16 աստիճան տաքություն:











