Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կաայացած պատարգից հետո նշանադրոթւյան արարողություն է կայացել: Թուրքահայ  համայնքի ներկայացուցիչներ Թամարա Ալջալը և Ավինիս (Հովհաննես) Բչակչըն նշանվել են իրենց ընտանիքների ներկայությամբ:

Ըստ թուրքական Haberler  կայքէջի՝ բժշկական համալսարանի շրջանավարտ Թամարայի և ոսկերիչ Ավինիսի նշանադրության արարողությունը կատարել է Պոլսո Պատրիարքարանի Կրոնական Ժողովի նախագահ, ծայրագույն վարդապետ  Թաթուլ Անուշյանը: Թամարան նշանադրումից հետո ասել է, որ իրեն շատ բախտավոր է զգում Սուրբ Խաչում նշանվելու  համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:

Հատկանշական է, որ հայ լրագրողների մի խումբ պատարագի ժամանակ փայտե խաչեր է բարձրացրել ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դեմ:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի: