News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրված չէ խաչը, եկեղեցին կարելի է համարել թերի վերականգնված: Այս կարծիքին է հուշարձանագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, ով հետեւել է Աղթամարի վերականգնման աշխատանքներին եւ արձանագրել վերականգնման ընթացքը: (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես հայտնի է՝ թուրքական իշխանությունները նախապես խոստացել էին սեպտեմբերի 19-ին նախընթաց  եկեղեցու գմբեթին տեղադրել խաչը, սակայն պատարագից հաշված օրեր անց հայտարարեցին, որ տեխնիկական պատճառներով խաչի տեղադրումը հետաձգվում է եւ խաչը կտեղադրվի պատարագից հետո:

Հիմնական պատճառաբանությունը, որը վկայակոչում են թուրքական իշխանությունները, դա խաչի ծանր՝ մոտ 100 կիլոգրամ լինելու  հանգամանքն (նախապես հայտարարվել էր, որ այն 200 կլիոգրամ է), ինչը դժվարություն է առաջացրել տեղադրման առումով: Եկեղեցու գմբեթին տեղադրվելիք խաչը նույն այն խաչը չէ, որը տեղադրված է եղել ի սկզբանե: Նոր խաչն, ըստ տեղեկությունների, ձուլվել է Հայաստանում, իսկ թե ի՞նչ նախագծով, ո՞ր դարբնատանը, ի՞նչ մետաղից եւ ինչպե՞ս եւ ե՞րբ է այն անցել մաքսատնով ու հասել Վան՝ հայտնի չէ: «Հույժ գաղտնիություն է պահվում այդ առումով, առասպելական պատմություններ են պատմվում այդ խաչի շուրջ: Հայտնի չէ, թե ով է պատրաստել, ով է առաջարկել, որ այն լինի 200 կիլոգրամ…այդ ամենը գաղտնիք է, չգիտես ինչու»,-նկատեց Կարապետյանը: Թեեւ նրան հայտնի չէ, թե ի՞նչ քաշ է ունեցել նախկինում եկեղեցու գմբեթին տեղադրված  խաչը, սակայն վստահ է, որ այն շատ համեստ է եղել, հազիվ մի քանի կիլոգրամ քաշով՝ ոչ այնքան աժդահա, որքան որ նոր ձուլված խաչն է: «Վստահ եմ, որ խաչը պատրաստելուց հաշվի են առել մի շարք չափանիշներ: Օրինակ՝ խնձորակի չափը, որի մեջ պետք է տեղադրվի 200 կիլոգրամանոց խաչը:  Փոքր խնձորակի մեջ այդքան ծանր խաչ դնելը իսկապես մեծ ռիսկ է: Եկեղեցին սեյսմիկ գոտում է, եւ եթե հանկարծ մի օր այդ խաչը  վայր ընկավ, դա ռումբի ազդեցություն է ունենալու՝ ամբողջ ծածկասալը, հարթաքանդակները, եկեղեցու պատերը ջարդուփշուր է անելու: Եւ եթե 200 կիլոգրամ է խաչը, ապա շա~տ ծանր են բռնացրել: Իսկ ով որ պատրաստել է այդ աժդահա խաչը, թող այն պահի իր գերեզմանի համար»,-ասաց նա:

Ի դեպ, Սամվել Կարապետյանը նշեց, որ խաչ պետք է տեղադրվի ոչ միայն եկեղեցու, այլ նաեւ զանգակատան գմբեթին: «Աչքներն էլ դուրս գա, պետք է երկու խաչ տեղադրեն, որովհետեւ չի կարող լինել այնպես, որ եկեղեցու գմբեթին տեղադրվի խաչ, իսկ զանգակատան դեպքում՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով. «Թուրքերը շատ կուզեին խաչի փոխարեն թուրքական դրոշը տեղադրել, բայց դե եկեղեցի են վերականգնել, ստիպված են խաչ տեղադրել, քանի որ Աղթամարը Կարսի եկեղեցու պես մզկիթ չեն հայտարարել, որ գմբեթին կիսալուսին տնկեին ու հարցը համարեին փակված»:

NEWS.am-ի զրուցակցին  զարմացնում է խաչի տեղադրումը ձգձգելու թուրքական իշխանությունների պահվածքը: «Թուրքերը հոգեբանորեն չեն կարողանում իրենց շվաքի վրայից թռչել: Որովհետեւ այնքան են տրորել խաչը, որ այժմ իրենք իրենց ձեռքով չեն կարողանում խաչ տեղադրել: Ամբողջ Արեւմտյան Հայաստանի որ գյուղը որ մտնեք՝ խաչը տրորելու համար է: Մեր գերեզմանատների ամբողջ խաչքարերը օգտագործվում են որպես աստիճանների, շեմքի քարեր, որ տրորես ու նոր մտնես: Խաչը թուրքը պետք է տրորի, ոչ թե իր ձեռքով այն բարաձրացնի եւ տեղը դնի»,-նշեց Կարապետյանը:  

Ինչ վերաբերում է եկեղեցու վերականգնմանն ու վերակառուցմանն ընդհանրապես, ապա այն, հուշարձանագետի գնահատմամբ, կարելի է համարել «գրագետ ու լավ վերականգնում»: «Թուրքերը մի քանի եկեղեցիներ վերականգնեցին՝ Կարսի Առաքելոցը, Անիի Տիգրան Հոնենցը: Եթե վերականգնված շինությունների հետ համեմատնեք Աղթամարի եկեղեցին, ապա անհամեմատ լավ է վերականգնված: Եթե ավելի լայն, նաեւ ՀՀ տարածքի վերականգնված հուշարձանների հետ էլ համեմատենք, նորից Աղթամարը կարող ենք դասել լավ վերականգնված շենքերի շարքում:

Գիտական իմաստով՝ բավական գրագետ աշխատանք է իրականացվել: Բայց եթե այդքանը հասկանում էին թուրքերը, ապա ինչո՞ւ նույն սկզբունքը չկիրառեցին նաեւ իրենց կողմից վերականգնված մյուս եկեղեցիների դեպքում: Օրինակ՝ Տիգրան Հոնենցի, Կարսի Առաքելոցի դեպքում: Խայտառակ սխալներ են տեղի ունեցել դրանց վերականգման աշխատանքներում, որոնց մեջ գրագիտության նշույլ անգամ չկա»,-ասաց Կարապետյանը: Նրա խոսքով՝ Աղթամարի դեպքում թուրքական իշխանությունները հատուկ սրտացավություն են ցուցաբերել, քանի որ այն պետք է օգտագործեն քարոզչական նպատակներով: «Թուրքերն այն վերականգնեցին՝ աշխարհի ականջի տակ զուռնա-դհոլ անելու համար: Այդ նպատակով էլ ներսի որմնանկարների վերականգնման համար եվրոպայից մասնագետներ են հրավիրել, որոնք, ըստ մեր տեղացի մասնագետների, շատ գրագետ են աշխատել: Բայց մենք պետք է առիթը բաց չթողնենք ու մյուս՝ խայտառակ վերականգնված եկեղեցիների օրինակները միշտ նրանց աչքի առաջ դնենք»,-նշեց հուշարձանագետը:

Նա հատուկ անդրադարձավ նաեւ պատարագին հայության մասնակցությանն ու  կոշտ հայտարարություն արեց. «Ինչպե՞ս կարող են Ալթայից եկած, մեր նախնիներին բնաջնջած, Ցեղասպան ազգի թոռները հրաշքով վերապրածների թոռներին հրավիրել եւ ասել՝ միլիոնը քանդել ենք, մեկը՝ վերականգնեցինք, համեցեք՝ ուրախացեք, եւ Պոլսո կիսաստրուկ պատրիարքին էլ ասեն՝ պատարագ պիտի մատուցես: Եթե մենք մեր հայրենիքում պիտի որեւէ առիթով հավաքվենք, օրն ու ժամը մե՜նք պիտի նշանակենք, քանի որ մենք այդ երկրի բնիկներն ենք: Մեզ գոնե հարցրեցի՞ն, երբ նշանակեցին պատարագի օրը: Եւ դեռ հայտարարում են, թե ժամանակը չի հերիքում՝ խաչը տեղադրելու համար: Մենք ե՞նք նշանակել օրն ու ժամը...Եւ եթե խաչն էլ տեղադրեն՝ չպիտի գնանք, քանի որ մենք ձեռնածու չենք եւ մե՜նք պիտի մեր տան մեջ ժամադրություն նշանակենք: Սա էլ հո Դեյր Զորը չի՞, որ ընդամենը երեք թուրք ոստիկանի ուղեկցությամբ ինքնակամ գնանք զոհվելու: Մեզ ոչ ոք չի ստիպում գնալ ու մասնակցել մեր երկիրը Ցեղասպանության միջոցով վայելողների կազմակերպած խեղկատակությանը…»:

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ