Թուրքիայում հրատարակվող թերթն իր այսօրվա` սեպտեմբերի 20-ի համարում հոդված է հրապարակել «95 տարվա տաբուն քանդվեց» վերնագրով:
Թերթի թղթակիցներ Յահյա Օյլեքը եւ Ֆահրեթթին Գյոքը մանրամասն նկարագրելով սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչի եկեղեցում մատուցված պատարագը, գրում են. «Արարողությանը մասնակցեցին Վանի նահանգապետը ,Վանի տարբեր համայնքապետեր, Գերմանիայի Անկարայում դեսպան Էքարտ Քունցը, հայ համայնքի անդամներ, Եվրոպայի տարբեր երկրներից պաշտոնական ներկայացուցիչներ, Թուրքիայից 1000, իսկ արտասահմանից շուրջ 500 հայեր: Արարողությանը հետեւեցին շուրջ 260 լրատվամիջոցների ներկայացուցիչներ ` 60-ը արտասահմանից: Վանից մոտ 2000 հոգի կղզի գալով հետեւեց արարողությանը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:
Հատկանշական է, որ հայ լրագրողների մի խումբ պատարագի ժամանակ փայտե խաչեր է բարձրացրել ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դեմ:
Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:
Լուսանկարը ՝ http://www.sabah.com.tr





























