Շունը հուսալի ընկեր եւ օգնական է, եթե դու հոգուդ մի մասնիկը դնես նրա դաստիարակության գործում։ Այդ հին ժամանակներից էլ ես սիրում եմ շների հետ աշխատելը։ Դա երախտապարտ գործ է։ Շունը հասկանում է, որ դու իրեն հոգ ես տանում։  Նա ամեն  բան հասկանում է եւ երբեք քեզ չի դավաճանի։ Դառնալով սահմանապահ՝ ես դրանում ավելի համոզվեցի։ Հիմա ես չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպես ես գիշերները սահմանին կկանգնեի առանց Ինդուսի։

Նիկիտա Կարացուպա «Հետախույզի գրառումները»։


Դարուփոս գյուղական ճանապարհն առանձնանում է մայրուղուց եւ ոլորվելով շարունակում ուղին դեղձի այգիների միջով։ Հեռվում՝ բլրի վրա, երեւում են ցանկապատն ու շինությունը, իսկ դրանց վրա՝ «Դեղձավան» սահմանապահ ուղեկալը։ Ուղեկալից եւ չեզոք գոտուց այն կողմ Վրաստանն է (ֆոտոռեպորտաժ

Հայ-վրացական սահմանը ձգվում է  260 կմ։ Այս պահին սահմանն ամբողջովին որոշված չէ, կան վիճելի հատվածներ, սակայն սահմանների պաշտպանությունը դրանից չի տուժում։

Լրագրողների հետ զրույցում ուղեկալի հրամանատարի տեղակալ լեյտենանտ Ժորիկ Վարյանը բացատրում է, որ ուղեկալը «Դեղձավան» է կոչվում հարեւան գյուղի անունով, իսկ այն էլ այդպես է կոչվել դեղձենու այգիների առատության պատճառով։ «Ծառայությունը հիմնականում հանգիստ է, խախտումները քիչ են։ Հիմնականում դրանք կամ ընտանի կենդանիներ են կամ կորած անասունին փնտրող գյուղացիներ»,- պատմում է Ժորիկ Վարյանը։ Ուղեկալն ապահովված է ծառայությունն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, կա կվադրոցիկլ, սպաների ընտանիքների բնակության համար ստեղծվել են բոլոր հարմարավետությունները։ Տեղամասի առանձնահատկությունն այն է, որ ամռանը շատ շոգ է լինում, հետեւաբար կան մեծ քանակությամբ օձեր եւ կարիճներ։ Այդ կապակցությամբ ծառայողները հատուկ պատրաստություն են անցնում, որպեսզի խուսափեն դժբախտ պատահարներից։

Անձնակազմի հետ մեկտեղ սահմանին ծառայություն են անցնում նաեւ ծառայողական կենդանիները՝ շներ եւ ձիեր։ Հենց նրանք են ուղեկալ ժամանելու մեր նպատակը, որպեսզի տեղում ծանոթանանք չորքոտանի օգնականների ծառայությանը։ Շների պատրաստությունն իրականացվում է Երեւանում` Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կենդանաբանական կենտրոնում։ Այստեղ համապատասխան պատրաստություն են անցնում նաեւ ձիերը։

«Սահմանին ծառայում են շներ, ձիեր։ Ձիերին օգտագործում են որպես կանոն բարդ ռելիեֆով տեղանքում, որտեղով տեխնիկական միջոցներն ուղղակի չեն անցնում»,- ասում է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը։

Սահմանապահ զորքերի հրամանատարը հիշեցնում է, որ Հայաստանի պետական սահմանների պաշտպանության հարցը մի փոքր այլ է, քան մյուս երկրներում, քանի որ այդ գործընթացին մասնակցում է մի քանի կառույց. ի թիվս ՀՀ ԱԱԾ-ի՝ հայրենիքի սահմանները պաշտպանում են երկրի ՊՆ-ն եւ Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ստորաբաժանումները։

«Մենք ակտիվ համագործակցում ենք ինչպես հայ գործընկերների, այնպես էլ ռուսական կողմի հետ։ Մեր կենտրոնի եւ մեր ռուս գործընկերների ուժերով կազմակերպվում է զորքերի մասնագետների պատրաստություն, անգամ օգնում ենք շներով, պլանավորում ենք ապագայում էլ օգնել»,- ասում է գեներալ-մայորը։ Չնայած կինոլոգիական կենտրոնը նոր է, սակայն տարածաշրջանում արդեն հեղինակություն է վայելում։ Անցյալ տարի վրացի գործընկերները դիմել էին ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդրելով աջակցել Վրաստանում համանման ծառայության զարգացմանը։

Կինոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2010թ. աշնանը։ Դրանից առաջ ապագա կինոլոգներն գործուղել էին Բելառուս, որտեղից բերվել էին հիմա ծառայություն իրականացնող շների մեծ մասի նախահայրերը։ Գերմանական հովվաշներ Մերը, Մագան, Մալտան եւ Մուսոնը մեզ ցուցադրում են սահմանախախտին «բռնելու» հմտությունները։

Ավանդաբար շների քոթոթների անունները յուրաքանչյուր սերնդում միեւնույն տառով են սկսվում։ Հայաստանում որոշեցին չխախտել ավանդույթը, արդեն ծնվել են «Դ» տառով անուններ կրող քոթոթները։

Կինոլոգիական կենտրոնի պետ մայոր Սեյրան Սահակյանի խոսքով՝ հիմա գերմանական հովվաշների կողքին պատրաստություն են անցնում բելգիական հովվաշները։

«Շների նախապատրաստումը կախված է նպատակից, որից համար նրանց օգտագործելու են։ Ուսումնասիրվում է լեռնային շրջաններում ուրիշ ցեղատեսակներ օգտագործելու հարցը»,- պարզաբանում է Սեյրան Սահակյանը։

Կենտրոնում կա անասնաբուժական բաժանմունք, ծնարան, քոթոների համար մանկապարտեզ։ Թանգարանում հնարավոր է ծանոթանալ կենտրոնի ստեղծման պատմությանը։

Համապատասխան պատրաստություն անցնելով՝ շներին ուղարկում են ծառայության։ «Դեղձավան» ուղեկալում ծառայում են Այնան (բելգիական հովվաշուն) եւ Բետին  (գերմանական հովվաշուն)։ Այնան հյուրերին անհյուրընկալ է դիմավորում՝ սպառնալից գռմռոցով հետ պահելով շոյելու փորձերից։

Շների ազատավանդակների հարեւանությամբ ձիանոցն է։ Մի քանի ոտնակապ ձիեր արոտավայրում են։ Հյուրերին ուսումնասիրելու համար մսուրներից գլուխները դուրս են հանում Ջեյրանն ու Ջելալը, մոր կողքին էլ քուռակ Շանթն է։

 

Ձիերի հետ աշխատող հրահանգիչ Հովնան Սիմոնյանն ասում է. «Քուռակը ծնվել է անցյալ տարի, երբ ընթանում էին «Շանթ 2015» զորավարժությունները։ Մենք էլ որոշեցինք ձագին «Կայծակ» անվանել»։

«Ձիերը շատ հավատարիմ են։ Եթե թամբից վայր ընկես, չի գնա, կողքդ կկանգնի, մինչեւ վեր կենաս»,- ասում է Հովնան Սիմոնյանը։ Պահակախումբը ձիով է երթեւեկում շատ հաճախ։ Դա ամենօրյա աշխատանք է, եւ ձիերն օրական վազում են 20-30 կմ։

Անձնակազմի եւ ծառայողական կենդանիների աշխատանքը ցուցադրելու համար ուսումնական տագնապ է բարձրացվում։ Հաշվված րոպեներում խումբը ծառայողական շան ուղեկցությամբ դուրս է գալիս «սահմանախախտին» բռնելու։

Ուրախանալով լրացուցիչ զբոսանքի հնարավորությունից՝ Բետին խաղում է տիրոջ հետ, քսմսվում է եւ ցատկում պատնեշի վրայով։ Կինոլոգ Արման Գալյանը գովում է Բետիին լավ աշխատանքի համար։ «2 ամսականից հետն աշխատում եմ։ Ընկերս է, միայն թե խոսել չգիտի։ Աստված չանի, եթե մի բան պատահի, նա ոչ մեկին ինձ մոտ չի թողնի»։ 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի