Խենթ սիրահար, թե քաղաքական հանցագործ: Եգիպտոսում օդանավի առևանգման արտառոց դեպք է գրանցվել: Տղամարդը օդանավը պայթեցնելու սպառնալիքով՝ Ալեքսանդրիայից Կահիրե մեկնող օդանավի անձնակազմին ստիպել է վայրէջք կատարել Կիպրոսի օդանավակայանում: Վայրէջքից հետո նա հերթով ազատել է պատանդներին, ապա ինքն էլ հանձնվել իշխանություններին։ Իրավապահներն այժմ փորձում են հասկանալ եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆայի արարքի դրդապատճառը: Հիմնական վարկածը՝ «շեղշե լա ֆամ» կամ փնտրիր կնոջը: Լառնակայում նա պահանջել է 4 էջանոց նամակ փոխանցել ինչ-որ կնոջ, միաժամանակ, քաղաքական ապատան խնդրել Կիպրոսում եւ պաանջել մի քանի կնոջ ազատել եգիպտական բանտերից: Նրա անհետեւողական պահանջները տարակուսանքի մեջ են գցել իշխանություններին, Եգիպտոսի արտգործնախարարն իր գնահատականն է տվել՝ նա ոչ թե ահաբեկիչ է, այլ սովորական ապուշ։
Վաղվանից մեկնարկում են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումները: Իշխանության եւ քաղաքացիական հասարակության չորսական ներկայացուցիչներն արդեն հայտնի են: Ընդդիմության պատվիրակության կազմը դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ մասնակցելու են խորհրդարանական ուժերը՝ «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը:
Նոր շրջադարձ՝ Երուսաղեմում հայ հոգեւորականների հետ կապված մանկապղծության սկանդալում: Ներքին հետաքննությունը դեռ չավարտված՝ հայոց պատրիարքարանը աշխատանքից հեռացրել է Սուրբ Ծննդյան վանքի տեսուչին, որին վարժարանի նախկին սանը մեղադրում է իրեն բռնաբարելու մեջ: Ըստ Հրայր Եզեկելյանի՝ 25 տարի առաջ, երբ ինքը 13 տարեկան իրեն երեք քահանա է բռնաբարել: Նրանցից մեկը՝ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը, վերջերս է մահացել, մյուսն այժմ Բրազիլիայում է աշխատում: Ֆրանսիական եւ իսրայելական մամուլի տարածած այս խայտառակ պատմության առիթով դեռեւս չեն շտապում մեկնաբանություն տալ ոչ Էջմիածինը, ոչ էլ Երուսաղեմի պատրիարքարանը:
Եվս մի մանկապղծության սկանդալ՝ այս անգամ Թաթարստանում: Մեղադրվողն ազգությամբ հայ է՝ 48-ամյա կոշկակար, ոմն Սաղիյան: Նրան մեղադրանք է առաջադրվել 150 դրվագով: Կոշկակարը գիշերօթիկներում բնակվող անչափահաս աղջիկներին առաջարկում էր փողով իր տունը մաքրել, հետո զոհերին փակում էր տանը ու սպառնալիքներով ստիպում իր հետ սեքսով զբաղվել, ոմանց օրեր շարունակ իր տանը պահելով:
Անկարային բարկացրել է գերմանական պետական NDR հեռուստաալիքի պատրաստած տեսանյութը, որում ծաղրում են Էրդողանին: Թուրքիայում Գերմանիայի դեսպանին ԱԳՆ են կանչել՝ բացատրություն տալու: Տեսահոլովակում Թուրքիայի նախագահին անվանում են «Բոսֆորի բոս», որն ապրում է ցոփ ու շվայտ կյանքով, իսկ ժողովրդավարության մասին հիշում է միայն Եվրամիության անդամակցության մասին խոսելիս:
Վանաձորում գազատարի հրդեհի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ՝ տարբեր աստիճանի այրվածքներով: Դեպքը տեղի է ունեցել գազատարի փականի պրոֆլակտիկ ստուգման ընթացքում: Գազի արտահոսք է եղել, ինչից հրդեհ է բռնկվել: Բոլոր տուժողները գազի վարչության աշխատակիցներ են, երկուսը վերակենդանացման բաժնում են:
Երեւանի Ավան թաղամասում անգիտակից վիճակում հայտնաբերված եւ գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացված երիտասարդը 4 օր անց մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով: 21-ամյա Արա Փափազյանին գտել էին բենզալցակայանի մոտ: Հարազատները հիմա էլ չգիտեն՝ ինչպես է դեպքը պատահել: Նրանք միայն ենթադրում են, որ Արան հեծանիվով բախվել է էլեկրասյանը: Ի դեպ, երիտասարդը հեծանիվը վարել է ականջակալներով: Տարածքում տեսախցիկներ չեն եղել: Չի բացառվում, որ Արային վրաերթի են ենթարկել:
Մոսկվայում մի քանի օր առաջ գնացքի հարվածից մահացած 32–ամյա Լիանայի մարմինը տեղափոխվել է Հայաստան։ Նրան կհուղարկավորեն հայրենի Վանաձոր քաղաքում: Լիանան ոտքով տուն վերադառնալիս շատ մոտ է կանգնած եղել երկաթգծին, արագ սլացող գնացքի հարվածային ալիքից կորցրել էր հավասարակշռությունն ու ընկել է ու գլխի մահացու վնասվածք ստացել: Լիանան երկու երեխաների մայր էր։
Երեւանում՝ իր բնակարանում հարձակման է ենթարկվել տարեց մի կին: Նախնական տվյալով՝ տիկին Նուրիցայի վրա հարձակվել է նրա հանգուցյալ ամուսնու ազգականը: Նա այցելել է միայնակ ապրող կնոջը, սուրճ խմել, ապա հարձակվել վրան ու փորձել բարձով խեղդամահ անել: 67-ամյա կինը փորձել է պաշտպանվել, աղմուկից օգնության են հասել հարեւանները: Հարձակվողը հասցրել է փախչել հարեւանի պատշգամբով: Տուժողն այժմ հիվանդանոցում է: Հարձակման դրդապատճառը դեռ պարզ չէ:
Եղվարդում 10 հոգանոց ընտանիք է թունավորվել: Նախնական տվյալով՝ շմոլ գազից: Նրանցից չորսը՝ տարեց ամուսիններն ու նրանց երկու որդիները, որոնց վիճակն ավելի ծանր է եղել, տեղափոխվել են Երեւան: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ռուսաստանում մեծ աղմուկ է բարձրացրել ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքը: «Ռուսսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւը որդու հարսանիքին հրավիրել է Սթինգին, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասին, Էնրիկե Իգլեսիասին եւ Ալլա Պուգաչովային, որոնց հսկայական հոնորարներ է վճարարել, ընդուպ մինչեւ մեկուկես միլիոն դոլար: Շքեղ հարսանիքի երկրոր փուլը լինելու է Լոնդոնում, որտեղ կերգեն Էլթոն Ջոնն ու Բեյոնսեն:
Էրոս Ռամազոտտիի համերգը Հայաստանում չի կայանա: Կազմակերպիչների խոսքով՝ Ռամազոտտին բարկացել է, քանի որ շրջագայության պատասխանատուն՝ ռուսական կողմը, խախտել է իր ֆինանսական պարտավորությունը: Հայկական կողմն այժմ փորձում է երգչի հետ ուղիղ բանակցություններով հասնել նրան, որ երեւանյան համերգը ամեն գնով կայանա:
Այսօր դոլարն ու ռուբլին էժանացել են, եվրոն ու ֆունտը՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 481, ռուբլունը՝ 7.00, եվրոյինը՝ 539, ֆունտինը 686 դրամ:
Մարտի 30-ին Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, իսկ վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն։











