ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին ասված է ապրիլի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ:
«Մենք խստորեն դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Մինսկի խումբը եւ ընդգծում ստեղծված իրավիճակում համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 5-ին կժամանեն տարածաշրջան։ Միջնորդները կլինեն նախ Բաքվում, ապա Ստեփանակերտում եւ Երեւանում: Այցի նպատակն է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ երկխոսություն վարելը՝ բոլոր կողմերի միջեւ հրադադարի ռեժիմը վերականգնելու համար:
Մինսկի խմբի հայտարարությունից անմիջապես հետո ադրբեջանական կողմը կեսօրից խախտել է հաստատված հարաբերական անդորրը եւ կրակը Արցախի պաշտպանական բանակի դիրքերի ուղղությամբ, թեեւ ոչ նախկին ինտենսիվությամբ: Արցախի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ ձեռնպահ է մնում հակաքայլերից եւ փորձում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը:
Մատաղիսի ուղղությամբ ապրիլի 4-ին տեղի ունեցած ծանր մարտերում հակառակորդի կողմում խուճապ է սկսվել եւ նրանք դիակներ թողնելով՝ դիմել են փախուստի: Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ տեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ եւ նախապես լուրեր է տարածել, թե գրավել է Մատաղիսը։
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը վստահ է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող լարվածությունը կտեւի եւս մի քանի օր, իսկ ամիսներ անց կսկսվի լայնածավալ պատերազմ, որովհետեւ իմաստ չկա, առաջ չեն կարողանում գալ, զոհեր են տալիս: Իսկ հիմա ընդամենը փորձարկում են իրենց զինտեխնիկան եւ պատրաստվում են նոր չարիքների, իրենց ուժերն են շոշափում։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել շփման գծում Ադրբեջանի կիրառած իսրայելական արտադրության հարվածային անօդաչու սարքերը:
Ավելի վաղ ղարաբաղյան կողմը հայտարարել էր, որ ոչնչացրել է մի քանի թռչող անօդաչու սարք: Իսրայելական արտադրության դրոնն ինքն իրենով հիմնական զինամթերք է համարվում: Գործողության սկզբունքը հետեւյալն է՝ կախվում է օբյեկտի վրա եւ պտտվում, հետո՝ երբ օբյեկտը շարժվում է կամ սկսում մանեւրել՝ կրակում է:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ներկա է եղել ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, 26-ամյա Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ազգը գիտի հավերժ ապրելու բանաձեւը եւ դրա վառ ապացույցն այն է, որ հայերը կան եւ ապրում են այս տարածաշրջանում:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին վիրավորված, պայմանագրային զինծառայող Նիկոլայ Եղյանը ծառայակից ընկերոջը հոսպիտալ տեղափոխելուց հետո է միայն նկատել, որ ինքն էլ է վիրավոր: Նիկոլայ Եղյանն իր երկու եղբայրների հետ ծառայում է Զինված ուժերում:
Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում գտնվող 12-ամյա Վարդան Անդրեասյանը դեպքից հետո չի ընկճվել, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երբ մեծանա՝ վրեժ է լուծելու հակառակորդից: Իսկ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը, որի եղբայրը ապրիլի 2-ին հրետակոծության հետեւանքով մահացել էր, մեզ հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցածից շատ չի վախեցել:











