Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Որոշ հատվածներում, սակայն, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքեր եւ ականանետեր է կիրառել հայկական դիրքերի վրա, մասնավորապես, Մարտակերտի եւ Հադրութի ուղղություններով: Գիշերվա ընթացքում հակառակորդը նաեւ հետախուզական նպատակով անօդաչու թռչող սարքեր է օգտագործել մի քանի ուղղություններով: Հայ-ադրբեջանական պետական սահմանին նույնպես ադրբեջանական կողմը կրակել է հայակական դիրքերի վրա:

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի ավտոհավաքակայանում: «Ուրալ» մակնիշի մեքենայով «ԶԻԼ»-ը քարշակելիս շարքային Գառնիկ Ավետիսյանը մնացել է մեքենաների արանքում եւ մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Ապրիլի 2-ի պատերազմական գործողություններից հետո շարունակում է անհետ կորած համարվել 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը: Պայմանագրային ծառայողի հայրը, որը ԵԿՄ անդամ է, այժմ Թալիշում է եւ փնտրում է որդուն: Միաժամանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ: Ծնողները չեն կորցնում Արգիշտիին ողջ գտնելու հույսը: Արգիշտին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Այդ գյուղից վերջին օրերին երկու զինծառայող է զոհվել: Վերջին տվյալով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է ՊԲ 65  զինծառայող եւ 12 կամավոր:

Սոցիալական ցանցերում հայտնվել են հայկական հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից առգրավված ադրբեջանական «Ուրալ» մակնիշի բեռնատարի կադրերը: Նշենք, որ հայ զինծառայողները զինվորական ունեցվածքով բեռնված բեռնատարն առգրավել էին ապրիլի 8-ին՝ ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից:

Չնայած հասարակական եւ քաղաքական շրջանակներում հնչող կոչերին՝ բոյկոտել  Հայաստանի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, Հայաստանը այնուամենայնիվ, որոշել է մասնակցել դրան: Հովիկ Աբրահամյանն ապրիլի 12-13-ը կլինի Մոսկվայում: Հիշեցնենք, որ ԵՏՄ վարչապետերի հանդիպումը պետք է կայանար ապրիլի 8-ին Երեւանում: Սակայն Ղազախստանի նախաձեռնությամբ որոշվեց չեղարկել այդ հանդիպումը, իբրեւ թե լարվածության օրերին Ադրբեջանում դա կարող են ընկալել որպես կողմերից մեկին աջակցություն: Սա դժգոհություն էր առաջացրել Հայաստանում: Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանին Մոսկվա ուղարկելով ՝ Հայաստանի իշխանությունները չեն ցանկացել փչացնել  Տիգրան Սարգսյանի նախագահությամբ առաջին նիստը:

Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ի երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու  Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակման եւ քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետեւանքով ստեղծված իրադրությունը և այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումները: Քննարկված հարցերի վերաբերյալ  նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել:

 Մինչև այդ Սերժ Սարգսյանն հանդիպել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ, քննարկել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Ռոբերտ Քոչարյանը մտափոխվելու է եւ միանալու է համազգային համախմբմանը՝ համոզված է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահն ասել էր, որ մտադիր չէ հետեւել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակին եւ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանում սկսել են քննարկումները, թե ինչ դասեր պետք է քաղենք  քառօրյա պատերազմից: Հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը առաջարկում է ստեղծել ռեզերվային բանակ, որի մեջ կընդգրկվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները: Հետախույզի առաջարկը հետեւյալն է՝  քաղաքացիներն անցնում են 15-օրյա մարտական դասընթաց, ապա կցվում համապատասխան ստորաբաժանումներին: Իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն, պետք է հարկեր վճարեն բանակի կարիքները հոգալու համար:

Տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներն էլ իրենց հերթին են լուծումներ առաջարկում՝ արդիականացնել բանակը հայկական արտադրության սպառազինություններով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ասել է, որ իրենք համապատասխան առաջարկություններ են արել ՊՆ-ին , սակայն դրանք մերժվել են: Մինչդեռ Հայաստանում կան մասնագետներ, որոնք աշխատում են արտասահմանյան երկրների հետ և նրանց գիտելիքները կարելի է օգտագործել հայկական բանակը հզորացնելու համար:

Just Look ընկերությունն էլ իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարարությանն իր օգնությունն է առաջարկում շփման գծում որակյալ ջերմային տեսախցիկներ տեղադրելու գործում: Տնօրեն Սարգիս Խաչատուրյանի խոսքով     դրանցով հնարավոր է անօդաչու թռչող սարքերի միջոցով թշնամու թիկունքի ջերմային մոնիթորինգ իրականացնել:Նրանց առաջարկները նույնպես ժամանակին ՊՆ-ը մերժել է ֆինանսական միջոցների սղության պատճառաբանությամբ: Ինչու՞ հենց ջերմային տեսախցիկներ:Որովհետև դրանք կարող են ավելի արդյունավետ աշխատել մթության պայմաններում և կարևոր տեղեկություններ հաղորդել հակառակորդի տեղաշարժի, կենդանի ուժի և սպառազինությունների վերաբերյալ:

Մոսկվայի դատախազությունը հայ մեծահարուստ Լեւոն Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջում ընդհանուր ռեժիմի գաղութում: Ներկայում տնային կալանքի տակ գտնվող Հայրապետյանին մեղադրում են   խաբեության միջոցով 700 հազար դոլար յուրացնելու, ինչպես նաև «Բաշնավթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործով փողերի   լվացման ու մսխման մեջ: Հայրապետյանի դատապաշտպանը համարում է, որ ձեռներեցի դեմ դատական գործը «պատվիրված է»: Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին:

Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում նույնպես եղանակը անձրեւոտ կլինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 10, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 20 աստիճան տաքություն։

Այսօր դոլարն աննշան էժանացել է, եվրոն , ֆունտն ու ռուբլին՝ թանկացել են: Այսպիսով դոլարի փոխարժեքը կազմել է 483, եվրոյինը 552, ֆունտինը՝  686, իսկ  ռուբլունը 7.30 դրամ: