Հերթական մահը Պաշտպանության բանակում: Ապրիլի 12-ի առավոտյան գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով զորամասերից մեկի դիտակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Սեւակ Նորայրի Խաչատրյանը: Դեպքի հանգամանքները պարզվում են: Պաշտպանության բանակի մեկ զինծառայող էլ վիրավորվել է գիշերը՝ ադրբեջանական կողմից կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով:

Ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջոցով բանավոր տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինծառայողի մասին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտնում է, որ այժմ փորձում են պարզել գտնվածի անձը, ապա կազմակերպել մարմնի ընդունման գործընթացը:

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղին հանձնված 18 հայ զինծառայողներին հնարավոր է՝ խոշտանգել են  մինչեւ մահանալը: Այդ մասին կան որոշ տեղեկություններ, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն՝ ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը: Եթե փորձաքննությունը հաստատի, որ ադրբեջանցիները խոշտանգել են կենդանի գերիներին, կկազմակերպվեն հետագա իրավական գործողություններ՝ Ադրբեջանին միջազգայնորեն պատասխանատվության կանչելու նպատակով:

Ռուբեն Հախվերդյանը հորդորում է եկեղեցիներ կառուցելու փոխարեն զենք գնել: Վերջին իրադարձությունները, ըստ երգահանի, ցույց են տվել, որ երկրում լուրջ փոփոխությունների կարիք կա: Մասնավորապես, Հախվերդյանը գեներալներին առաջարկել է կուլակաթափ անել օլիգարխներին եւ նրանց փողերն ուղղել հայոց բանակի զինմանը: Հախվերդյանը Ռուսաստանին անվանել է մեր «ոխերիմ բարեկամը», որը միշտ երեք օր ուշացումով է գալիս, իսկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունը խնդրել է իր մոտ չտալ:

Հայաստանի կառավարությունն արագացնում է ՌԴ կողմից 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը: Որոշման նախագիծը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի Սեյրան Օհանյանը:

ԵՏՄ վարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում՝ մայիսի 20-ին: Այս որոշումն ընդունվել է Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: Առաջարկը Դմիտրի Մեդվեդևին է, այսօր նա հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հովիկ Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 8-ին նախատեսված նիստը չէր կայացել Ղազախստանի պահանջով, որպեսզի հակամարտության սրման պայմաններում նիստը չդիտարկվի որպես աջակցություն Հայաստանին: Սա դժգոհության ալիք էր բարձրացրել հայ հասարակության շրջանում:

Մինչ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում է, Երեւանում դժգոհում են՝ այսքանից հետո նա չպետք է մեկներ Մոսկվա: Այս մասին հայտարարել են Երեւանում կայացած բողոքի երթի ժամանակ: Երթի մասնակիցները բողոքում են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դեմ: Դեպի Ռուսաստանի դեսպանատուն ճանապարհին նրանք մի քանի րոպե կանգնել են կառավարության շենքի առջեւ եւ ամոթանք տվել վարչապետին:

Եվրամիությունը Իրանի հետ կքննարկի դեպի ԵՄ գազի արտահանման հնարավորությունը։ Այս մասին Ֆեդերիկա Մոգերինիի՝ Թեհրան կատարելիք այցից առաջ լրագրողներին հայտնել են Եվրամիության աղբյուրները: Միաժամանակ, հայտնի է դարձել, որ երկու իրանական ընկերություններ ստորագրել են համաձայնագիր՝ մագիստրալային գազամուղ կառուցելու մասին: Այն պետք է սկիզբ առնի Հարավային Պարս հանքավայրից, այնուհետեւ Իրաքի ու Թուրքիայի տարածքով գազը հասցնի Եվրոպա:

Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարներն ու Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը համաձայնության են եկել միասնական էներգետիկ միջանցք ձևավորելու վերաբերյալ: Մի քանի տարվա մեջ երկրների միջև բարձր լարման միանգամից մի քանի գիծ կկառուցվի, ինչի շնորհիվ էլեկտրաէներգիայի փոխանակումը կհեշտանա: Փորձնական ծրագիրը շուտով արդեն կմեկնարկի: Վրաստանը ամռանը հոսանք կտա Իրանին՝ գումարի կամ ձմեռային փոխհոսքի դիմաց: Իսկ տարանցիկ ուղի կդառնա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցը:

Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովը տուգանել է Հայաստանի էլցանցերին եւ մինչև օգոստոսի 1-ը ժամանակ տվել՝ հաշվիչների ցուցմունքները կարգավորելու համար: Բաժանորդների մոտ մեկ երրորդը, որոնց մոտ էլեկտրոնային հաշվիչ է տեղադրված, մի քանի ամիս է՝ բողոքում են, որ ցերեկային սակագներից դեպի գիշերային անցման ժամերը խախտված են: Էլցանցը նախատեսում է նաեւ ներդնել առցանց համակարգ՝ հաշվիչի ցուցմունքներին իրական ժամանակում հետևելու համար:

Գառնիի հարյուրավոր բնակիչներ վաղ առավոտից փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը եւ պահանջում էին դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Նրանք դեմ են Կառավարության որոշմանը, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի տաճարի տակից խողովակով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: Գառնեցիները վստահ են՝ դա կհանգեցնի Ազատ գետի չորացմանը եւ իրենց հողատարածքների անապատացմանը: Այս պահին խողովակաշարի անցկացման աշխատանքները դադարեցվել են, սակայն գյուղացիները պահանջում են տարծքից դուրս բերել տեխնիկան եւ չեղյալ համարել կառավարության որոշումը:

Մեծ հաջողությունների հասնելու համար Հայաստանը կարող էր օգտագործել Իսրայելի փորձը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել կրթությանն ու գիտության զարգացմանը: Նման կարծիք է հայտնել քիմիայի գծով Նոբելյան մրցանակակիր Աարոն Չեխանովերը, որը Նոբելյան օրերի շրջանակում Երեւան է ժամանել չորս այլ Նոբելյան մրցանակակիրների հետ: «Հայաստանը եւ Իսրայելը շատ ընդհանուր բաներ ունեն: Երկուսն էլ շրջապատված են, երկուսն էլ փոքր, երկու երկրների բնակիչներն էլ ստիպված են իրենց խելքի վրա հույսը դնել: Դուք չունեք բնական ռեսուրսներ, մենք էլ մինչեւ վերջեր չունեինք: Բայց մենք մեծ կարեւորություն ենք տալիս կրթությանը, իսկ Հայաստանն այդ իմաստով մի փոքր հետ է մնում»,- ասել է նա:

Այսօր թանկացել է միայն ռուբլին, մյուս երեք հիմնական արժույթները էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483, եվրոյինը 546,  ֆունտինը 688, իսկ ռուսական ռուբլունը  7.40 դրամ:

Ապրիլի 14-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Երեւանում  հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +10-ի, իսկ վաղը ցերեկը՝  +20-ի: