Պանամական օֆշորային սկանդալից երկու շաբաթ անց հրաժարական է տվել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Սերժ Սարգսյանին ուղղված դիմումի մեջ բիզնեսմեն պաշտոնյան ակնարկել է, որ հրաժարական է տալիս միայն հայրենասիրական նկատառումներով: «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի»,- գրել է արդեն նախկին գլխավոր հարկադիր կատարողը: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի մեկ տարի տեւած հետաքննությունը վերջերս գաղտնազերծել էր բազմաթիվ օֆշորային ընկերությունների փաստաթղթեր, ինչից պարզ էր դարձել, որ Միհրան Պողոսյանը իր եւ իր բարեկամների անուններով Պանամայում գրանցված երեք ընկերությունների, բաժնետեր է: Ընդ որում, առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել է 2011թ., երբ արդեն զբաղեցնում էր գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Հետաքննությունը պարզել է, որ նա իր պաշտոնն օգտագործել է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցել եկամուտները: Նույն հետաքննության շրջանակում գաղտնազերծվել էին նաեւ Պանամայում Իլհամ Ալիեւի ընտանիքի բիզնեսները:
Հովիկ Աբրահամյանն այսօր պաշտոնանկության երկու որոշում է կայացրել: Աշխատանքից ազատվել են Փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը եւ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Հրայր Սարգսյանը, որն ի դեպ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ազգականն է:
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը հակառակորդի կրակոցներից մարտական դիրքում վիրավորվել է ՊԲ երկու զինծառայող՝ 25-ամյա Էրիկ Մաթեւոսյանը եւ 20-ամյա Ազատ Բարսամյանը: Գիշերը նաեւ շուրջ 20 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցման փորձ է ձեռնարկել, եւ հետ շպրտվել: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու Տավուշի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվող պետական աջակցությունը: Ըստ օրենքի, հուղարկավորության ծախսերի համար կառավարությունը տրամադրում է միանվագ 2 մլն 100 հազար դրամ, եւս երկու միլիոն դրամ էլ՝ որպես ապահովագրական վճար: Երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող զոհված սպաների ընտանիքներն ամսական միջինը 180 հազար դրամ են ստանում, ժամկետային զինծառայողների ծնողները՝ 30 հազար դրամ, իսկ եթե թոշակառու են՝ եւս 45 հազար:
Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կարող էր խուսափել մարդկային մեծաթիվ կորուստներից, եթե մեր բանակն արդիական զինտեխնիկա ունենար եւ օդից անպաշտպան չլիներ՝ ասել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա կոչ է արել պատասխանատվության կանչել այն օլիգարխներին ու պաշտոնյաներին, որոնք յուրացրել են երկրի պետական բյուջեն, խուսափել հարկերից՝ դրանով իսկ զինաթափելով մեր բանակը:
Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել թուրք հայտնի երգչուհի Հադիսեի զգեստի նարնջագույն, կապույտ եւ կարմիր գույների շարքը: Ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել, իբր թրքուհու զգեստը հայոց եռագույնի գույներով է։ Երգչուհին իրեն մեղադրողներին անվանել է հիվանդագին երեւակություն ունեցողներ։
Հայաստանի 33 համայնքներում ապրիլի 17-ին տեղի ունեցան ընտրություններ: Ամենաթեժը Հրազդանում էր, որտեղ 14 տարի գործող Հանրապետական քաղաքապետին մարտահրավեր էր նետել Սասուն Միքայելյանը: Չնայած ակտիվ քարոզարշավին՝ ազատամարտիկը Արամ Դանիելյանին պարտվել է մոտ երկու հազար ձայների տարբերությամբ: Արդյունքների հրապարակումից հետո Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ընդունում են քվեարկության արդյունքները: Լցոնում, կրկնակի քվեարկություն չի եղել, Արամ Դանիելյանը միայն ընտրակաշառքով է կարողացել ընտրողների քվեները ստանալ:Նշենք, որ 33 համայնքներից 28-ում վերընտրվել են Հանրապետական թեկնածուները:
Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու կասկածանքով ձերբակալված կա. 32-ամյա Հովհաննես Մուրադյանը NEWS.am-ի տեղեկություններով տաքսու վարորդ է: Հիշեցնենք , որ ապրիլի 15-ին անհայտ անձը մեքենայի միջից ուսումնական նռնակ էր նետել երկրորդ նախագահի առանձնատան ուղղությամբ: Ոչ ոք չէր տուժել:
«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը մեծ շուքով դիմավորել են Եվրոպայի առաջնությունում հաղթանակած՝ ծանրամարտի կանանց հավաքականին: Չնայած ուշ ժամին՝ ծանրորդներին դիմավորելու էին գնացել մեծ թվով երկրպագուներ: Բոլորը ցանկանում էին անձամբ շնորհավորել հատկապես Նազիկ Ավդալյանին եւ Հռիփսիմե Խուրշուդյանին, որոնց նվաճած ոսկե մեդալներն օգնեցին կերտել այս պատմական հաղթանակը:
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, թուլացել է նաեւ ռուբլին: Դոլարի փոխարժեքը կազմել է 481, ռուսական ռուբլունը՝ 7.13 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նույնպես նվազել է՝ կազմելով 683 դրամ, աճել է միայն եվրոն՝ 544 դրամ:
Երեւանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +8-ի , իսկ վաղը ցերեկը՝ +25-ի:











