Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այսօր՝ հունիսի 8-ին, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի» :

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Չեխիայի նախագահին նվիրել է Ֆրանց Վերֆելի անվան հուշամեդալ եւ գրքեր: Չեխիայի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայկ Դեմոյանին մեդալի համար: «Վերֆելի կենսագրությանը ծանոթ էի, բայց նկարը չէի տեսել»,- ասաց նա:

Այնուհետեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում նախագահը ծառ է տնկել:

Նշենք, որ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության՝  նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ են կայանալու, որոնց ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Երեւանում Հայաստանի եւ Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: