Արցախում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել։ 19-ամյա Հրանտ Գրիգորյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում։ Քննչական կոմիտեի նախնական տվյալով՝ զինծառայողին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, նա տեղում մահացել է: Հրանտ Գրիգորյանն Արտաշատ քաղաքից էր, սոցիալապես անապահով ընտանիքից։ Բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ։
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանը հայտարարում է լայնածավալ օպերատիվ մարտավարական զորավարժություններ սկսելու մասին: Հունիսի 19-24-ը ծրագրված զորավարժություններն անցկացվելու են Արցախի հետ շփման գծի մոտ, նաեւ Նախիջեւանում եւ Կասպից ծովի ադրբեջանական ամսում: Զորավարժություններին մասնակցելու է 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ ու մարտական զրահամեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռային ու հրետանային կայանք, մինչեւ 40 միավոր ռազմական ավիացիա:
Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Պատգամավորին պատկանող ընկերության նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը հայտարարել է, որ Ալեքսանյանը խլել է իր ընտանեկան բիզնեսները։ Արմեն Իսրայելյանի պատմելով՝ ինքը խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ, քանի որ իմացել է նրա ազգականի՝ խաղամոլ լինելու մասին, եւ նրան ոչինչ չի հայտնել։ Սամվել Ալեքսանյանը որոշել է յուրահատուկ տուգանք սահմանել՝ պահանջելով 60 հազար դոլար։ Իսրայելյանի խոսքով՝ պատգամավորն իրեն առեւանգել է եւ ազատ արձակել միայն մի պայմանով, որ բերի պահանջվող գումարը։ Իսրայելյանը փորձել է փախչել երկրից, սակայն իրավապահ մարմինները նրան հայտնաբերել են եւ վերադարձրել Հայաստան։ Ոստիկանությունը որեւէ պարզաբանում այս առնչությամբ չի տվել։
Ազգային ժողովում այս հրապարակմանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։
Համացանցում սկանդալ է առաջացրել Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորությունից մի դրվագ․ երգչուհուն վերջին հրաժեշտ տալու համար Արամ Խաչատրյանի համերգասրահ են տարել մանկահասակ դպրոցական երեխաների: Լուսանկարներում պարզ երեւում է, թե ինչպես են անմոռուկներ հիշեցնող ժապավեններով երեխաները մոլորված կանգնել դագաղի առջեւ՝ չիմանալով ինչ անել։
Այս «նախաձեռնության» հեղինակը, պարզվում է, Ջիվանու աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանն է։ NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ հուղարկավորությանը մասնակցել են նաեւ երեխաների ծնողները։ Ճի՞շտ էր արդյոք նման տարիքի երեխաներին հուղարկավորության տանելը։
Ազգային ժողովում այսօր «արձակուրդային» տրամադրություն էր․ պատգամավորները նիստին մասնակցել են միայն առաջին 15 րոպեներին, երբ քվեարկության է դրվել երկու վարկային համաձայնագիր, որոնք վերաբերում են Գյումրիի ճանապարհների բարեկարգմանն ու էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրին։ Գյումրիին տրամադրվող վարկին դեմ է քվեարկել ընդամենը 4 պատգամավոր, մինչդեռ էլեկտրակայաններին տրամադրվող վարկի համաձայնագրի դեմ են քվեարկել գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները։
ՀՀԿ-ականներին, սակայն, սա տարօրինակ է թվացել․ նախօրեին քննարկմանը դահլիճում մարդ չկար, իսկ այսօր բոլորը բովանդակային ելույթներ են ունենում։
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին էլ հունից հանել է նախկին ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի ելույթը։
Խորհրդարանը վարկային երկու համաձայնագրերն էլ վավերացրել է։ Արտահերթ նստաշրջանն ավարտվել է։ Առաջիկայում նոր արտահերթ է սպասվում՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունները: Կառավարությունը նման առաջարկով կդիմի Ազգային ժողովին, քանի որ ընդդիմադիր եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները վերջապես ստորագրել են համաձայնության մասին հայտարարություն։ 4+4+4 ձեւաչափով վերսկսված քննարկումների ժամանակ կողմերը որոշակի հարցերում հասել են կոնսենսուսի։ Ընդդիմադիր ուժերին վերջապես հաջողվել է իշխանության ներկայացուցիչներին համոզել կիրառել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչպես նաեւ ընտրողների ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի դարձնել ստուգումների համար: Կողմերը նաեւ որոշել են քննարկել, թե ինչպես կարելի է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքերը մինչեւ ընտրության արդյունքների նախնական ամփոփումը համացանցով տեղեկացնել։ Այս առաջարկներից որոնք կընդունվեն խորհրդարանի կողմից, պարզ կդառնա առաջիկայում։
Երեւանում այսօր տեղի է ունեցել Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության նախագահ է ընտրվել Արտաքին գործերի նախկին նախարարը, որը հայտարարել է, որ սա լինելու է ժողովրդական շարժում, որի շրջանակում իրենք պատրաստ են համագործակցել քաղաքական բոլոր այն ուժերի, կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են երկրում հասնել իշխանափոխության և իրականացնել արմատական փոփոխություններ:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շարունակում է պնդել, որ իշխող կուսակցությունը երբեւիցե ընտրակաշառք չի բաժանել։ Միեւնույն ժամանակ, Սահակյանը հստակ գիտի, թե ովքեր են ընտրությունների ժամանակ կեղծիք կատարում։
Վարդենիսում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Ռազմական ոստիկանության տեսուչի եւ Պաշտպանության բանակի 4 սպաների միջեւ։ Պատճառն այն է եղել, որ արագ վարելու համար տեսուչը կանգնեցրել է նրանց մեքենան։ Զինծառայողներին սա դուր չի եկել, վիճաբանությունը վերածել է ծեծկռտուքի։ Տեսուչը տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանություն տեղափոխվելու ճանապարհին ոստիկաններն էլ իրենց հերթին են ծեծի ենթարկել սպաներից մեկին։ Նախաքննությունը շարունակվում է, գործով 4 անձ ձերբակալվել է։
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր եւս 1 անձ է ձերբակալվել։ Հատուկ քննչական ծառայությունը նաեւ հաղորդագրություն է տարածել՝ խնդրելով սպանության ականատեսներին ներկայանալ քննչական մարմնին եւ ցուցմունք տալ։ Հիշեցնենք, որ այս աղմկահարույց սպանության գործով արդեն կա 3 կալանավորված, որոնք ըստ մեղադրանքի՝ հունիսի 4-ին իրենց դիտողություն անելու համար դաժան ծեծի են ենթարկել Եղիշե Խաչատրյանին եւ հեռացել։ 58-ամյա տղամարդը տեղում մահացել է։
Արցախցի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին հունիսի 6-ին առևանգելու եւ ծեծելու գործով նույնպես զարգացում կա։Նախօրեին ձերբակալվել է Երեւանի 48-ամյա բնակիչ Էրիկ Պողոսյանը: Նշենք, որ այս գործով արդեն 2 մեղադրյալ կա, որոնք Ստեփանակերտցի կամավորներ են։ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կա երկու կալանավորված:
Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին սպանված տաքսու վարորդի եղբայրը կատարվածում եղբոր կնոջն է մեղադրում. նա արտասմուսնական կապի մեջ է եղել մեղադրյալ Վահրամ Վերանյանի հետ: Արսենի եղբայրը NEWS.am-ին պատմել է, որ նրա եւ Վահրամի միջեւ սպանությունից առաջ ծեծկռտուք է եղել կնոջ՝ Արաքսյայի պատճառով, Վահրամը հիվանդանոց է տեղափոխվել, Արսենը՝ Ոստիկանություն: Ընտանիքի անդամներն ասում են՝ Արսենը կնոջ հետ շարունակել է ապրել միայն հանուն իրենց 3 երեխաների: Սպանությունից հետո նա տեղափոխվել է այլ վայր բնակության՝ երեխաներից 2-ին իր հետ տանելով:
Անապայում կրակել են քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդու ընտանիքի վրա։ Հրաձգության հետեւանքով Հարությունյանի որդին տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա կինը տեղում մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հունիսի 15-ին Անգոլայի 34-ամյա քաղաքացին փորձել է հատել հայ- թուրքական սահմանը։ Պարզվում է՝ սահմանախախտը լողալով նախ անցել է Արաքս գետը, ապա հաղթահարել ազդանշանային համակարգը եւ առաջացել։ Անծանոթին նկատել են գյուղացիները եւ հայտնել սահմանապահ ուղեկալին։ Անգոլայի քաղաքու մոտ հայտնաբերվել է Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։ Ազգային անվտանգության ծառայությունը դեպքի առթիվ քննություն է անցկացնում։
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են, իսկ ռուբլունն ու ֆունտինը՝ աճել: Եվ այսպես դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝7.31, եվրոյինը՝ 536, ֆունտինը՝ 679 դրամ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-ին էապես չի փոխվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։ Հնարավոր է կարճատև անձրև:











