Արդեն 3-րդ օրն է՝ փակ է մնում Երեւանի Խորենացի փողոցը, որտեղ գտնվում է զինված խմբի կողմից  գրավված ոստիկանության պարեկա- պահակային ծառայության գունդը: Նախօրեին ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացրել գնդի տարածքում, երբ մայրաքաղաքի կենտրոնում երթ անցկացնող ակտիվիստները հայտարարել են ՊՊԾ գնդի մոտ գնալու եւ այնտեղ ակցիան շարունակելու մասին:

Ցուցարարների մի մասն է միայն հասել Խորենացի փողոց: Նրանք կոչ էին անում իշխանություններին խուսափել արյունահեղությունից: Ցուցարարների հեռանալուց հետո ոստիկանները մինչեւ լույս սաղավարտներով եւ մահակներով մնացել են կանգնած:

Օրվա ընթացքում մամուլում լուրեր են շրջանառվել, թե զինված խմբի անդամների հեռախոսակապերն արգելափակված է՝ այս կերպ խզելով բանակցությունները:  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝  սա արվում է գրոհով շենքը վերցնելու համար: Րոպեներ անց Ենիգոմշյանը լրագրողներին ասել է, թե բանակցությունները չեն ընդհատվել: Բանակցությունները շարունակելու մասին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդագրություն է տարածել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը:

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ  բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավապահ մարմինները կրկին հորդորել են քաղաքացիներին չմիջամտել իրենց գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը: Մոտ երկու ժամ անց, սակայն, մի քանի տասնյակ ակտիվիստներ կրկին հավաքվել են Խորենացի փողոցում՝ իրենց աջակցությունը հայտնելու զինված խմբի անդամներին եւ հորդորելու իշխանություններին՝ հարցը լուծել բանակցությունների միջոցով:

Զինված միջադեպը շարունակում է մնալ նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչների շրջանում քննարկվող միակ հարցը:

Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից. Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, ամենագլխավորը Պաշտպանության բանակի մարտունակությունն է եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը:

Եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ըստ Բակո Սահակյանի, դա կլինի ամբողջ աշխարհում առավել մասշտաբային աղետի կատալիզատոր:

Վերին Լարսի անցակետում հուլիսի 18-ին Արցախի քաղաքացի է մահացել: Ուղեւորափոխադրող մեքենայի վարորդ, 37-ամյա Ասպետ Մակարյանը, նախնական տվյալով, սրտի կաթված է ստացել՝ հերթի մեջ սպասելիս: Հարազատների խոսքով, Ասպետ Մակարյանը Պյատիգորսկից Արցախ իր հարազատներին էր տեղափոխում: Նա երկու անչափահաս երեխաների հայր էր:

Մահվան հանգամանքները պարզվում են:

Գերմանիայում երեկ երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել: Բավարիայում 17-ամյա աֆղանը գնացքում կացնով հարձակվել է ուղեւորների վրա, 14 մարդ վիրավորվել է: Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ահաբեկիչը սպանվել է:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման կազմակերպման պատասխանատվությունը: Նշենք, որ 17-ամյա աֆղանն ԻՊ անդամ է եղել:

Թուրքիայում շարունակվում են աղմկահարույց ձերբակալությունները: Հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կասկածանքով կալանավորվել է նաեւ 25 գեներալ եւ գլխավոր կասկածյալ, Օդուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը, որը սակայն հերքում է իր կապը հեղաշրջման փորձի կազմակերպման հետ: Թե ինչ է սպասվում բարձրաստիճան զինվորականներին եւ կալանավորված մյուս 7 հազար անձանց, դեռեւս պարզ չէ: Խոսակցություններ կան, որ մահապատիժը կվերականգնվի Թուրքիայում: Էրդողանն էլ իր քայլերով ապացուցել է՝ գթասրտություն չեն դրսեւորելու. Թուրքական մամուլում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում պարզ երեւում է՝ կալանավորված գեներալները բռնության են ենթարկվել, իսկ մյուսներն էլ մերկ պահվում են ախոռներում:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ջրվեժ գյուղում. հուլիսի 17-ին «Եզդի Կուլիի» տան մոտ 61-ամյա Կուլիխան Շաբաբյանն իր Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի էր ենթարկել իր եղբորորդուն, ապա դանակահարել նրան: Պատճառը պարզվում է գառ վաճառելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն է եղել:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

71 տարեկանում մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: Նա հեղինակ է շուրջ 25 բանաստեղծական, մանկական ժողովածուների, թարգմանական մի շարք գրքերի: Դավիթ Հովհաննեսը եղել է Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:

Դոլարն ու ֆունտը աննշան թուլացել են, եվրոն ու ռուբլին՝ ամրապնդվել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.56, եվրոյինը՝ 527, ֆունտինը՝ 628 դրամ:

Հուլիսի 20-ին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Սյունիքի լեռներում ու Արարատյան դաշտավայրում բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում: Երեւանում   տեղումների չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +25+26, իսկ վաղը ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն։