Հյուսիսային Օսեթիայում Մոսկվա- Երեւան երթուղու ավտոբուսի վթարի պահին բոլոր ուղեւորները քնած էին, ոչ ոք ոչինչ չի տեսել; Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշոտ Խաչատրյանը՝ ավտոբուսի ուղեւորներից մեկը, որոնց հենց նոր օդանավով Վլադիկովկասից Երեւան են տեղափոխել։
Արագության հնարավոր գերազանցման մասին հարցին նա պատասխանել է․ «Ես չէի ասի, որ արագության գերազանցում է եղել»։ Աշոտ Խաչատրյանը հավելել է, որ ավտոբուսը նորմալ վիճակում էր, ու միայն վարորդին է հայտնի, թե ինչն է դարձել վթարի պատճառը։
Չարաբաստիկ երթուղու ուղեւորի խոսքով ռուսական կողմը նրանց ժամանակին ու պատշաճ օգնություն է ցուցաբերել, նրանց օգնել են բոլոր հարցերում։
Ռուսական աղբյուրները ավելի վաղ հայտնել էին, որ ամենայն հավանականությամբ այսօրվա վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կանգնած բեռնատարին։ Նախնական տվյալներով ավտոբուսը արգելակման ճանապարհ չի ունեցել։ Որոշ փորձագետներ հակված են այն վարկածին, որ վարորդը կարող էր քնով անցնել ղեկի մոտ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am –ը, հոկտեմբերի 14-ին ժամը 04։30-ի սահմանում, Մոսկվա – Երեւան երթուղու ավտոբուսը Վլադիկովկասի շրջանում բախվել է «Սկանիա» բեռնատարին։
Վթարի հետեւանքով տուժել է 27, զոհվել 5 մարդ։

















