Վանաձորի քաղաքապետը ավագանիում մեծամասնություն չունի, իսկ դա նշանակում է, որ նա պետք է պաշտոնը լքի: Այս մասին նոյեմբերի 15-ին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց Հայաստանի երրորդ քաղաքից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ ընդդիմությունը բոյկոտել է ավագանու առաջին նիստը: Ընդդիմությունը 18 մանդատ ունի, իշխանությունը՝ 15: Նիստերը չեն կարող անցկացվել առանց քվորումի: Եթե այսպես շարունակվի եւս երեք ամիս, անհրաժեշտ կլինի նոր քաղաքապետ ընտրել: «Պարզ տրամաբանություն է. Սահմանադրության համաձայն՝ քաղաքապետը չի կարող ավագանիում քաղաքական մեծամասնություն չունենալ: Եթե չունի՝ թող տուն գնա»,- ընդգծեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնին ընդդիմությունից հավակնում էր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Հոկտեմբերի 10-ին գաղտնի քվեարկության արդյունքում Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը:











