Վանաձորի ավագանու այն անդամները, որ էդքան տղամարդ են եղել ու քվեարկել իշխանության օգտին, ուրեմն պիտի տղամարդկություն ունենան կանգնեն ասեն՝ ով է քվեարկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զահրաբյանն՝ անդրադառնալով Վանաձորի ավագանու ընդդիամդիր անդամների նիստը բոյկոտելուն։
«Մենք հասկանում ենք, որ ավագանին պետք է աշխատի, ուստի ես նախօրեին էլ կոչով, հորդորով դիմեցի այն 4 անձանց, որոնք «տղամարդկություն» են ունեցել եւ թաքուն, գողեգող գնացել, քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին: Այս պահին ինձ համար կարեւոր չէ, թե նրանք ո՞ր կուսակցությունից են եղել` «Բարգավաճի՞ց», «Լուսավոր Հայաստանի՞ց», թե՞ «Օրինաց երկրից»: Եթե էդքան տղամարդկություն ունեցել եք, թաքուն, գողեգող գնացել քվեարկել եք, ուրեմն ունեցեք էդքան տղմարդկություն` կանգնել ասելու, որ դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, որից հետո ավագանին նոր կսկսի աշխատել»։
Ըստ Զոհրաբյանի՝ այլ տարբերակ չկա, պետք է այդ 4 հոգին բացահայտվեն, որպեսզի պատասխանատվությունը չլղոզվի. «Մինչեւ նրանք չբացահայտվեն, Վանաձորի ավագանին չի աշխատելու, ԲՀԿ-ի միանշանակ դիրքորոշումն է եւ իրենք մտավախություն չունեն, որ այդ չորսը ԲՀԿ-ից են»:
Հակառակ դեպքում, Զոհրաբյանի կարծիքով, դա կլինի ԲՀԿ խնդիրը: Նրա կարծիքով` Արթուր Բաղդասարյանի առաջարկը` Վանաձորում հարցում անցկացնելու եւ կոալիցիա ստեղծելու մասին, ելք չի, դա պատասխանատվության լղոզում է. «Մինչեւ այդ 4-ի բացահայտումը կոալիցիա կազմել նշանակում է մենք այդպես էլ չենք իմանա` ովքեր էին այդ 4-ը: Եվ կուսակցություններից յուրաքանչյուրի վրա խորհրդարանական ընտրություններից առաջ կմնա այդ խարանը` կարող է «Բարգավաճի՞ց» էին, կարող է «Լուսավոր Հայաստանի՞ց» էին, կարող է «Հայկական Վերածնունդի՞ց» էին: Մի’ պարալիզացրեք ավագանու աշխատանքը: Թաքուն քվեարկելը տղամարդկություն չի: Վանաձորում այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չբացահայտվեն այդ գաղտնի քվեարկողները: Իհրակե, պետք է քաղաքապետը հրաժարական տա: Ինձ համար արտառոց է, որ քաղաքապետին հարցնում են, թե ինչքան պետք է շարունակվի այս իրավիճակը, ասում է` ինչքան դիմանա Վանաձորը: Այսինքն` թող Վանաձորը հրաժարական տա, ես հրաժարական չեմ տալու, էլի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո դեռ չի հաջողվել ավագանու նիստ գումարել: Բանն այն է, որ ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ է ավագանու 17 անդամի ներկայությունը, սակայն ՀՀԿ-ն ու նրա կոալիցիոն դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ ունի միայն 15 անդամ, իսկ ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» միասին՝ 18 անդամ: Սակայն քաղաքապետի ընտրության ժամանակ ոչ իշխանական ուժերից 4 անձ գաղտնի քվեարկել է ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին եւ վերջինս ստացել է 19 կողմ քվե:











