Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պնդում է, որ թոռանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին չի վնասվածք հասցրել:

«Շատ քիչ տոկոսով է իրականությանը համապատասխանում»,-այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրում դանակահարել են իր թոռանը՝ 22-ամյա Տիգրան Շահգալդյանին:

«Որեւէ բան չկա, թեթեւ վնասվածք է, Խաչատրյան Սուրիկի տղան էլ կապ չունի այս պատմության հետ: Կենցաղային վեճ է եղել, սուտ են տեղեկությունները, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակով վնասել: Ռեստորանում ջահելների միջեւ վեճ է եղել»:

Սուրիկ Խաչատրյանն իր հերթին նույնպես հերքել է տեղեկությունները, թե իր որդին կապ ունի միջադեպի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրում այսօր՝ նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը: Վերջինս ոտքերի եւ նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:

Աղբյուրի փոխանցմամբ, կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով մինչ աղջիկների եւ վիրավորի հետ «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: