Ես խղճում եմ այն տղամարդկանց, որոնք որեւէ անելիք եւ ասելիք այլեւս չունեն իրենց կյանքում եւ քաղաքականության մեջ եւ իրենց մնացել է անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանաց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով ՀՀԿ համագումարից հետո ՀՀԿ կանանց տեսքի ու ելույթների վերաբերյալ քննադատաություններին:
«Սրանից տարիներ առաջ տղամարդիկ, այնուամենայնիվ, մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն,այսքան մանրությունն ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»,- ասաց Նաղդալյանը:
Հարցին՝ գո՞հ էր ինքը ելույթներից, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Գիտեք ես քաղաքական գործիչներին կամ կուսակցականներին չեմ բաժանում կանաց կամ տղամարդկանց: Այնտեղ ելույթ էին ունենում մեր կուսակցականները, եւ այդ կուսակցականներն ունեն բոլոր իրավունքները՝ ասելու այն ինչ մտածում են, այն ինչի մասին անհանգստանում են: Այդպես վարվում են եւ կանայք, եւ տղամարդիկ: Եվ խոսում են մեր հանրության, ցավալի պրոբլեմներից եւ ցանկանում են ինչ-որ փոփոխություն մտցնել: Այդտեղ դժգոհ լինելու խնդիր չկա: Կարելի է ականջալուր լինել, կարելի է չլինել: Այ էդպես մոտեցեք դրան»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:











