Պետք չէ փողեր մուրալ կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությանը, թե ընդդիմադիր կուսակցությունները այսօր ֆինանսավորման խնդիր ունեն:

«Պետք չէ փողեր մուրալ, որ կուսակցական գործունեություն կազմակերպեք, պետք չէ այստեղից ապատեղեկատվություն տարածել: Ինչպե՞ս են այդ դեպքում նման լայնածավալ աշխատանքներ իրականացնում, եթե ֆինանսավորման աղբյուր չունեն։ Այն փոքր կուսակցությունները, որոնք գիշերում են դեսպանատների կամ մեծ կուսակցությունների պատերի տակ, դատապարտելի են: Հարգանքի են արժանի այն փոքր կուսակցությունները, որոնց մեծ կուսակցությունները հրավիրում են համագործակցության»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա անդրադարձավ նաեւ ընդդիմադիրների այն ելույթներին, որտեղ նշվում է, որ մեկ գիշերում 7000 անձ դարձել է ՀՀԿ-ական: ՀՀԿ խմբակցության ղեկավարը կոչ արեց սեփական թվաքանակն ավելացնել, ու ոչ թե տաքսիներով պտտվել ու կարծիքներ լսել, այլ մտնել մարդկանց մեջ ու իրական տեսակետ լսել իրենց՝ ընդդիմադիրների մասին. «Վերջում մի քանի խորհուրդ: Առաջին, թաղային կուսակցությունները վերածեք համապետական կուսակցության: Երկրորդ, կուսակցությունը ընտանեկան բիզնես չէ, որ ընտանիքիդ անդամների հետ մի քանի կուսակցություն հիմնես, դնես բարձիդ տակ, հետո էլ հանես աճուրդի. կուսակցությունն աճուրդի հանելու համար չէ: Հորդորում եմ նաեւ տաքսիներ նստելով կարծիքներ մի ձեւավորեք, գնացեք, ժողովրդի մեջ հարցրեք, թե ինչ կարծիքի են ձեր մասին»,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց. «Կամ անտարբերություն է, կամ հայհոյանք է՝ երկուսն էլ բավականին վտանգավոր են: Տաքսիներում ընտրություն չեն կազմակերպում»: