Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները պատշաճ կերպով կազմակերպելու համար միջազգային դոնոր կազմակերպությունների հատկացրած գումարները պետք է ծախսվեն նպատակային: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այդ մասին Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ասել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Եվ մենք դրական ենք գնահատում մեր միջազգային գործընկերների տրամադրվածությունը, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- նշեց Շարմազանովը:

Նա երեք քայլ առանձնացրեց, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Նրա խոսքով առաջին պայմանը իշխանությունների քաղաքական կամքն է, որը կա: Երկրորդ քայլը քաղաքական ուժերի միջեւ կոնսոլիդացիան է, որը նույնպես կա: «Երրորդ քայլը դրամական միջոցների առկայությունն է, եւ, կարծես, այդ հարցն էլ է լուծվում մեր միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական ուժերի միջեւ համաձայնությունը բավարար չէ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար, Շարմազանովը պատասխանեց. «Ես չգիտեի, թե ինչ հայտարարություն է տարածել դեսպանատունը, բայց ասացի, որ առաջինը իշխանությունների քաղաքական կամքն է, երկրորդը՝ քաղաքական ուժերի միջեւ կոնսոլիդացիան: Առաջին երկուսն արդեն կան, իսկ երրորդը՝ գումարների առկայությունը, կարծես, լուծվում է»: