Հոկտեմբերի 28-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությունը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Երեւանի ու Մոնրեալի քաղաքապետերը երկու քաղաքների միջեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի համաձայն Մոնրեալի քաղաքապետարանը կաջակցի Հայաստանում բնապահպանական կենտրոնի ստեղծմանը: Մոնրեալի Սեն Միշելի բնապահպանական կենտրոնը տեխնիկական խորհրդատվություն եւ աջակցություն կցուցաբերի Երեւանում նմանատիպ կենտրոն հիմնելու ուղղությամբ:
Կողմերը սերտորեն կհանագործակցեն նաեւ ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցացիայի շրջանակներում:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մոնրեալի քաղաքապետը նշել է. «Սա ընդամենը հանդիպում չէ, սոսկ հուշագրի ստորագրում չէ. մեծ ցանկություն կա, որպեսզի կոնկրետ աշխատանքներ տարվեն երկու քաղաքների միջեւ: Վստահ եմ, որ արդյունքներն ակնհայտ կլինեն»:
Իր հերթին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարեւորել է համագործակցությունը հատկապես բնապահպանական ոլորտում։ «Համոզված եմ, որ այս այցից հետո մեր հարաբերությունները ավելի կաշխուժանան: Մոնրեալում բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ հասել են փայլուն հաջողությունների։ Ուզում եմ, որ այդ փորձը ներդնենք Երեւանում։ Աշխատանքներ կտարվեն նաեւ ձնահեռացման, ջրի մաքրման եւ աղբահանության ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ»,-ընդգծել է նա:
Մոնրեալի քաղաքապետը հատկապես կարեւորել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առաջարկությամբ ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցացիայի 2011թ-ի գագաթաժողովը Երեւանում անցկացնելու նախաձեռնությունը:
Փոխադարձ պայմանավորվածությամբ Երեւանում կհիմնվի Մոնրեալի անունը կրող պուրակ, իսկ Մոնրեալում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերը կնվիրվի Երեւանի մշակութային ժառանգության ներկայացմանը:




























