Հոկտեմբերի 28-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյին` Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ:

Մայր Աթոռի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր երախտագիտությունն է հայտնել Կանադայի իշխանություններին, որ անտարբեր չեն եղել հայոց մեծագույն ողբերգության նկատմամբ եւ դեռ 17 տարի առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Իր հերթին Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյն իր ջերմ շնորհակալությունն է հայտնել ընդունելության համար: Ծանոթանալով Մայր Աթոռի թանգարաններում պահվող հայ հոգեւոր մշակույթի գանձերն` քաղաքապետը ցանկություն է հայտնել դրանք ցուցադրել նաեւ Մոնրեալի ժողովրդին, որ կհիշեցնեն նրանց այն արժեքների մասին, որոնք մոռացման ենթակա չեն եւ որոնցով պետք է ապրել: