Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Ավստրիայի ԱԳՆ մշակութային քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն, դեսպան Մարտին Այխթինգերին եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլին (նստավայրը` Վիեննա), ովքեր Հայաստան են ժամանել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ավստրիական գրադարանի հանդիսավոր բացումը կատարելու նպատակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարինե Ղազինյանը կարեւորել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ մշակութային շփումները երկկողմ համագործակցության ընդհանուր համատեքստում:
Իր հերթին Մարտին Այխթինգերը տեղեկացրել է, որ Ավստրիայի կառավարության կողմից գրադարանին նվիրաբերվել է 1200 կտոր գիրք: Նշվել է, 2011-ին նախատեսվում է Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարի այցը Հայաստան:
Ավստրիացի դեսպանը նշել է, որ Ավստրիայի ԱԳ նախարարի առաջարկությամբ ավստրիական կողմը մտադիր է կրթության եւ մշակույթի ոլորտներում ավելացնել Հայաստանին հատկացվող կրթաթոշակները: Կարեւորվել է ԵՄ մշակութային ծրագրերին Հայաստանի մասնակցությունը:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա ընթացքին եւ հեռանկարներին, տարածաշրջանային խնդիրներին:




























