Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2010թ. Հանրապետության նախագահի կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին, ովքեր Սերժ Սարգսյանից ստացել են տարբեր անվանակարգերում շնորհված իրենց պարգեւները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը` ավագ դպրոցի աշակերտներ:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողությանը ներկա է եղել նաեւ «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը:

2005թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ սահմանված կրթական պարգեւների արդեն արժանացել են ՏՏ ոլորտում հաջողություն արձանագրած 158 ուսանող եւ աշակերտ:

Հաղթողների համար սահմանվել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հովանավորվող հետեւյալ անվանակարգերն ու մրցանակները` գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ: 

ՏՏ ոլորտում հաջողություն արձանագրած ուսանողները եւ աշակերտները, վկայագրի եւ դրամական պարգեւի հետ միասին, ստացել են նաեւ ՏՏ արդյունաբերությունը խորհրդանշող արձանիկ: 2010թ. գլխավոր` գրան-պրի մրցանակի արժանացել է  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Արմեն Ղարիբյանը:

Հանձնելով պարգեւները` Հանրապետության ղեկավարն իր ողջույնի խոսքում կարեւորել է հատկապես կրթության եւ գիտության ոլորտում, նաեւ հանրային կյանքի տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում համակարգչային հագեցվածության աստիճանի բարձրացումը, որի ուղղությամբ, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, արդեն որոշակի քայլեր արվում են.

«Մենք սկսում ենք դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման առաջնահերթ ծրագիր: Դրա հիմնական նպատակն է` արդիականացնել մեր կրթության համակարգը, ինչպես նաեւ ընդլայնել ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների միջեւ հաղորդակցության եւ բաց էլեկտրոնային շփումների հնարավորությունները: Ընդ որում, այս նորամուծությունները չեն կենտրոնանալու մայրաքաղաքում եւ հասու են լինելու անգամ հեռավոր համայնքներում:

Ծրագիրը կիրականացվի 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ դպրոցներին կտրամադրվեն վերջին սերնդի բարձրորակ համակարգչային սարքավորումներ: Վստահ եմ, որ այս եւ գալիք մեր բոլոր ջանքերն ապահովելու են ձեզ պես խելացի երիտասարդների նոր բանակի կայուն համալրումը»,-ասել է  Սերժ Սարգսյանը:

Նա խոսել է նաեւ պետության կողմից մատուցվող ծառայություններն էլեկտրոնային դարձնելու կարեւորության մասին.

 «Կարծում եմ` «էլեկտրոնային հասարակություն», «էլեկտրոնային կառավարություն» արտահայտությունները քաջ ծանոթ են բոլորիդ: Մենք արդեն իսկ հանդես ենք եկել մի շարք նախաձեռնություններով, որոնց նպատակն է պետության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել էլեկտրոնային` այսինքն շատ ավելի արագ, պակաս ծախսատար, առավել արդյունավետ եւ որ ամենակարեւորն է` քաշքշուկներից զերծ: Ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպման այս մոտեցումը կարող է շատ մեծ ընդգրկում ունենալ` հարկահավաքությունից մինչեւ ձեռնարկությունների գրանցում կամ լիցենզավորում, առողջապահությունից մինչեւ ընտրությունների անցկացում: Այլընտրանք չկա. մենք աշխարհի զարգացման տեմպից հետ մնալ չենք կարող եւ չենք էլ մնալու»: