Այսօր՝ հոկտեմբերի 29-ին «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը։ Նրան դիմավորելու էին եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, կուսակիցները, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները:
Ինչպես NEWS.am-ին Վանաձորից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Մանուկյանին զանգահարել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու շնորհավորել ազատման կապակցությամբ:
2 տարի 8 ամիս բանտում անցկացրած ընդդիմադիր գործիչն ասել է, որ վճռական է տրամադրված, շարունակելու է իր պայքարը ներկայումս անազատության մեջ պայքարող բոլոր քաղբանտարկյալների ազատության համար, որ գալիք Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն:
ՀՀՇ վարչության անդամը հայտարարել է, որ մոտ է ժամանակը, երբ հայ ժողովուրդը «դուրս կվռնդի այս ապօրինի իշխանություններին» եւ նորմալ երկիր կկառուցի:
Նշենք, որ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր ազատ է արձակել ՀՀՇ վարչության անդամ, վանաձորցի Աշոտ Մանուկյանին: Մանուկյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերից հետո եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման` ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնություն կիրառելու մեղադրանքով:
Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը բանտում է անցկացրել 2 տարի 8 ամիս եւ ազատ է արձակվել պատժաժամկետի կեսը կրելուց հետո:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























