Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության տնտեսական հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է երկրի արտաքին պարտքին:
Նշվում է, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի արտաքին պարտքը 2010 թ. հուլիսի դրությամբ հասել է 3 մլրդ դոլարի: Պետական պարտքից 2,5 մլրդ դոլար (82,8 տոկոսը) բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, իսկ 520 մլն դոլարը (17,2 տոկոսը)՝ Կենտրոնական բանկին:
«Ուսումնասիրելով 2011 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, կարելի է եզրակացնել, որ շարունակվելու է Հայաստանի քաղաքացիների ստրկացման գործընթացը` կախվածության մեջ պահելով նրանց եւ գալիք սերունդներին ՀԲ-ի Զարգացման միջազգային ընկերակցությունից, որին մեր երկիրը պարտք է 1,1 մլրդ դոլար եւ ԱՄՀ-ից, որին մեր պարտքը 640 մլն դոլար է: Հայաստանի քաղաքացիներն ու նրանց սերունդները պարտք են նաեւ Ռուսաստանին` 500 մլն դոլար, Ճապոնիային՝ 331 մլն դոլար, Ասիական զարգացման բանկին՝ 131 մլն դոլար, Գերմանիային՝ 121 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 58,5 մլն դոլար, ԱՄՆ-ին՝ 33 մլն դոլար, ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դոլար:
Այս ամենին եթե ավելացնենք Վիճպետկոմի այն ցուցանիշը, որ 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 0,6 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 2,3 մլրդ դոլար, այսինքն` արտաքին առեւտրի բացասական սալդոն շարունակել է մեծանալ եւ հասել է ՀՆԱ 32,7 տոկոսի, ապա կստացվի, որ Հայաստանը ամենավատ վիճակում է Եվրասիա մայրցամաքում: Պաշտոնական հաշվարկները փաստում են, որ Հայաստանը պետական պարտքի մակարդակով արդեն հասել է շատ վտանգավոր կետի:
Զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ ըստ 2011 թ. ՀՀ պետական բյուջեի, նախագծում ավելացել են ՀՀ Կենտրոնական բանկի ծախսերը, որը հիմնական պատասխանատուն է տնտեսության ողբալի վիճակի` ինֆլյացիայի, գնաճի, բանկային բարձր տոկոսադրույքների եւ այլնի համար:
Քաղաքակիրթ երկրներում, որտեղ կառավարությունները ծառայում են իրենց ժողովուրդներին` գնում են պետական ծախսերի կրճատման ճանապարհով: Նույնիսկ աշխարհակալ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրականացրեց պետական ծախսերի էական տնտեսում` պետական պաշտոնյաների կրճատված հաստիքների թիվը հասցնելով մեկ միլիոնի, որը կազմում է ամբողջ համակարգի 40 տոկոսը: Բրիտանիայի կառավարությունը խիստ լրջությամբ է վերաբերվում պետական պարտքին. հաշվի առնելով պետբյուջեի դեֆիցիտը, առաջին հերթին կրճատում է իր ծախսերը, այլ ոչ թե մտածում ավելացնելու մասին, ինչպես ՀՀ կառավարությունը ու մի բան էլ հայտարարում, թե տնտեսությունն աճելու է:
ՀՀ կառավարությունը 2010 թվականի հուլիսին ընդունել է 2011-13 թվականների պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր, որով նախատեսվում է արտաքին պետական պարտքը առաջիկա տարիներին բարձրացնել եւ 2013-ին հասցնել 4 մլրդ. դոլարի` ներկայիս 3-ի փոխարեն:
Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ ՀՀ կառավարության հրապարակած ծրագրում ձեւակերպված չէ, թե ինչ նպատակով են վերցվում պարտքերը` տնտեսությո՞ւնը զարգացնելու, թե՞ կուտակված վարկերի տոկոսները փակելու համար:
Ներկայիս կառավարությունն իր դրամավարկային ու հարկային վարվող դիլետանտական քաղաքականության արդյունքում ոչնչացման եզրին է հասցրել հայաստանաբնակ արտադրողի հնարավորությունները, կարելի է փաստել, որ իրենց գոյության վերջին կռիվն են տալիս եւ հաստատ կպարտվեն վերջնականապես, եթե այս կառավարությունը շարունակի իր գոյությունը:
Այսօր Հայաստանի տնտեսության զարգացման միտումը չի երեւում, եւ չկա տրամաբանություն, որ այդ զարգացումն ապահովելու համար հարկավոր են լրացուցիչ վարկային միջոցներ: Այսինքն՝ չունենալով որեւէ պատկերացում տնտեսության զարգացման մասին, պարզապես գումարներ են վերցնում, ինչպես, օրինակ, ռուսական վարկը, որի ամենազավեշտալի մասն այն է, որ դրանից 40 մլն դոլար տրամադրեցին «ՀայՌուսգազարդին», որի 80 տոկոսը պատկանում է ռուսական կողմին: Պարզից էլ պարզ է, որ գազի գինը հետագայում նորից թանկացնելու համար կեղծ պատրվակներ են ստեղծում ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդի» հետ միասին:
Հայաստանի տնտեսությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 2.8 տոկոսով, մինչդեռ հունվար-օգոստոսի ցուցանիշը կազմել էր 3.1 տոկոս: Այսինքն` տնտեսությունը գրեթե կես տոկոս կրկին անկում է արձանագրել: Շինարարության ոլորտում արձանագրվել է 5.2 տոկոս անկում: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 17,9 տոկոսով:
Կառավարությունն ամեն տարի հսկայական միջոցներ է առանձնացնում (ՓՄՁ) խրախուսելու եւ աջակցելու համար, սակայն՝ ապարդյուն։
2011 թ. պետական բյուջեում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) աջակցելու համար նախատեսված է ընդամենը 150 մլն դրամ (410 հազ. դոլար), որը զիջում է 2009 թ. բյուջետային հատկացումներին մոտ 4 անգամ։ Ընդ որում՝ այդ 150 մլն-ից միայն 50 մլն-ն է նախատեսված բուն ՓՄՁ սուբյեկտների համար, մնացած 100 մլն-ը տրվելու է որպես աշխատավարձ ՓՄՁ զարգացման համար պատասխանատու չինովնիկներին:
Հպանցիկ համեմատություն անելով նախորդ կառավարությունների հետ, անգամ, հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները, կարելի է փաստել, որ ներկայիս կառավարությունը զբաղված է հանրային վնասարարությամբ եւ նրա գործունեության յուրաքանչյուր օրը կործանարար է պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար»:




























