Այսօր` հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի եւ Դամիեն Աբադի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միշել Ռիվազին տեղեկացրել է, որ իրենց ԼՂ այցի հիմնական պատճառը եվրախորհրդարանի ընդունած հանրահայտ բանաձեւն էր, որը չէր համապատասխանում ոչ միայն իրենց, այլեւ այս հարցով մտահոգ շատերի պատկերացումներին:
ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրին, ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց պատկերացումները, Հայաստանի կողմից Ղարաբաղին տրվող ֆինանսական աջակցության ձեւերը, քննարկվել ռազմագերիներին առնչվող հարցեր:
Վահան Հովհաննիսյանը եւ Վարդան Բոստանջյանը տեղեկացրել են, որ ամեն տարի Հայաստանը վարկերի տեսքով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ին: Ըստ բանախոսների` ռազմագերու հասկացողություն այսօր չկա եւ որպես կանոն` գերի են ընկնում սահմանամերձ խաղաղ բնակիչները, որոնք կարմիր խաչի օժանդակությամբ փոխանակվում են: 90-ական թվականների սկզբների պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ գրեթե ոչինչ հայտնի չէ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրել է, որ Թուրքիան ԼՂ խնդրի հետ կապված Հայաստանը շրջափակել է դեռեւս 1993-ից, եւ այսօր էլ շարունակում է երկկողմ հարաբերությունները պայմանավորել ԼՂ խնդրով: Նա առաջարկել է եվրոպական կառույցներին ստիպել, որ Թուրքիան փոխի իր վարած քաղաքականությունը:
Համաձայնելով հայ գործընկերների արտահայտած տեսակետների հետ` Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավաստիացրել են, որ իրենք քայլեր կձեռնարկեն նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ, եվրախորհրդարանի ուշադրությունը կհրավիրեն իրական փաստերի վրա` չեզոքացնելու բանաձեւում տեղ գտած անընդունելի փաստարկումները:




























