Պաշտպանության նախարարության մասնագետներն անուն առ անուն գրանցելով յուրաքանչյուր դեպք, ուսումնասիրում են զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին նշումները ջնջելու դեպքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք ունենք արդյունավետ աշխատող թեժ գիծ՝ 1-28, որը օրական մինչեւ 150 զանգ է ստանում: Այդ թեժ գծում հատուկ այդ թեմայով կան զբաղվող մասնագետներ, որոնք անուն առ անուն գրանցելով յուրաքանչյուր դեպք, փորձում են ուսումնասիրել: Իհարկե, կան դեպքեր, երբ մարդը եղել է այն զորամասում, որը մարտական գործողություններին մասնակցել է, բայց ինքն անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել: Կան զինծառայողներ, որոնք իրականում եղել են մասնակից, բայց իրենց մոտ սխալմամբ համապատասխան նշում չի կատարվել»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, մոտ 200 նման դեպքերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, երբ անհրաժեշտություն է եղել ուղղում կատարել. «Բոլոր զինկոմիսարիատները ստացել են համապատասխան ուղեցույցները, մեր վարչությունները այդ դեպքերը նայում են անհատական հիմքով: Մենք չունենք մեկ լուծում բոլորի համար: Կարծում եմ, դրա մեջ կա ներգրավված էմոցիոնալ դաշտ, երբ մարդիկ ցանկանում են, որ բոլոր այն տղաներին, որոնք ապրիլյան այդ օրերին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայելիս են եղել, նշում կատարել մարտական գործողությունների մասնակցության: Եղել են նաեւ դեպքեր, երբ այս կամ այն պատճառով վրիպել են եւ չեն նշել: Այդ բոլորն ուղղվող է, մեծ խնդիր չեն տեսնում այդտեղ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զորացրված երկու զինծառայող, որոնք քառօրյա պատերազմի մասնակից են եղել, լրատվամիջոցներին են ներկայացրել իրենց զինգրքույկների լուսանկարները, որտեղ երեւում է՝ զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է գրառումն այն մասին, որ երիտասարդները ապրիլյան պատերազմի մասնակից են եղել: Նրանց զինգրքույկում կարմիր գրիչով նշված էր «անվավեր»:

Այս առթիվ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշ զինծառայողների զինգրքույկներում արված նշումներն անփութության արդյունք են: