Հայաստանն այնպիսի դրության մեջ է, որ գունավոր հեղափոխությունների մասին մտածելն անգամ վտանգավոր է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից պատգամավորության թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը:

Հարցին, արդյո՞ք Հայաստանում գունավոր հեղափոխությունների վտանգ տեսնում է, նա պատասխանեց. «Ես չեմ հավատում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կարող են որեւէ հեղափոխություն իրականացնել: Եթե նրանք ինչ-որ տեղ կան, ապա դրանք մարդիկ են, որոնք դավաճանել են մեր ազգին, քանի որ Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ հիմա որեւէ հեղափոխության մասին մտածելն անգամ վտանգավոր է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ներկայացնելով Կոմկուսի նախընտրական ծրագիրը, հայտարարել էր. «Անհրաժեշտ է Հայաստանի ներսում պայքարել կասկածելի ծագման ուժերի ակտիվացման դեմ, որոնք գունավոր հեղափոխություններ են ծրագրում, քանի որ այդ ուժերը չեն կարող ծառայել մեր ժողովրդի ազգային շահերին»: