Փետրվարի 16-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների դեմ անօրինական շրջանառության դեմ պայքարի, Երեւան քաղաքի վարչությունների աշխատակիցները անօրինական թմրաշրջանառության մի ամբողջ շղթա են բացահայտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախ թմրամիջոց պահելու եւ ապօրինի շրջանառելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 44-ամյա Էդմոն Բ.-ն եւ 45-ամյա Էդուարդ Ե.-ն: Խուզարկությամբ Էդմոն Բ.-ի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Էդուարդ Ե.-ի մոտ ափիոն թմրամիջոցի նմանվող երեք զանգված, երեք ներարկիչ՝ լցված սուր հոտ ունեցող հեղուկով: Էդմոն Բ.-ն իր վարած «Պորշ Կայեն» ավտոմեքենայից ներկայացրել է նաեւ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող հեղուկով լցված ներարկիչ: Էդուարդը խոստովանել է, որ ա թմրամիջոց է, որը պահում էր անձնական օգտագործման համար:

Նա նաեւ նշեց, որ թմրամիջոց օգտագործում է 25 տարեկանից, անգամ փորձել է ազատվել այդ կախվածությունից. «Որոշել էի իջացնել ու թռնել: Եսիմինչ սեւ կատու մտավ մեջս»:

Նույն օրը նույն կասկածանքով բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արսեն Վ.-ն. «Իմ մոտ շպրիցով բան ա եղել, չեմ էլ իմանում պարունակությունը ինչ ա»: Նա խոստովանել է, որ երկար տարիներ թմրամիջոց է օգտագործում: «Սեւ եմ արել, հետո մի տարի բենզին եմ արել, 4 հատ օպերացիա եմ տարել, ոսկորս մաշել ա, խնձորակս պետք ա փոխվի»:

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել նաեւ 49-ամյա Արմեն Շ.-ն:

Էդուարդ Ե.-ին, Արմեն Շ.-ին եւ Արսեն Վ.-ին թմրամիջոց մատակարարելու կասկածանքով բերման է ենթարկվել կոնդեցի 46-ամյա Կարեն Մ.-ն: