Վանաձորում երեկ հայտնաբերվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին Վանաձորում Արմեն Մնացականյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Ոփյանին: Ով մինչ օրս գտնվում էր հետախուզման մեջ: NEWS.am-ի տեղեկություններով՝ Արմեն Ոփյանին հայտնաբերել են Վանաձորի Տարոն կոչվող թաղամասում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հուլիսի 3-ին հիվանդանոց է բերվել տղամարդու դիակ՝ կրծքավանդակին ձախ կեսի հրազենային վնասվածքով եւ ձախ թեւի քերծվածքներով:

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները հիվանդանոցում պարզել են, որ Արմեն Մնացականյանի դիակը Վանաձորին հարակից քլորատան մոտից ԲԿ է տեղափոխել 55-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը՝ «Լեքսուս» մակնիշի մեքենայով:

Իրավապահները պարզել էին, որ վեճը ծագել էր Վանաձորի Թումանյան փողոցում գործող ծաղկի սրահի փաստացի սեփանակատեր, անհատ ձեռնարկատեր Արմեն Ոփյանի եւ իր շրջապատում «Կաֆոյի Ռոբո» անունով հայտնի Ռոբերտ Մարտիրոսյանի միջեւ:

Ծաղկի սրահում 5 հազար դրամանոցը երրորդ անձի միջոցով մանրելուց հետո կողմերից մեկը պնդել էր, որ վերադարձվել է 4 հատ հազարանոց թղթադրամ, մյուսը պնդել էր, որ նման բան հնարավոր չէ: Ֆինանսական խնդիրը դարձել էր ինքնասիրության հարց, զիջելը՝ պատվազրկություն: Ընդլայնված կազմով պարզաբանումները շարունակվել էին Վանաձորի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում, որտեղ Արմեն Ոփյանը հրազենային մարմնական վնասվածք էր պատճառել մի ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Մնացականյանին ու նա տեղում մահացել էր:

Արմեն Ոփյանը դիմել էր փախուստի: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Տեսանյութը՝ ոստիկանության (2016թ. հուլիսի 9-ի)