Մենք պատմության ընթացքում մեր ինքնությունը պահպանել ենք երեք սկզբունքների՝ ընտանիքի, հավատքի ու լեզվի շնորհիվ։ Այս մասին մարտի 15-ին ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Պատասխանելով Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավար Լավրենտի Միրզոյանի հարց -խնդրանքին ՝ մայրենի հայոց լեզվի պահպանման, նաեւ Double Tree by Hilton հյուրանոցի սեփականատիրոջը տեղեկացնելու մասին, որ հյուրանոցը խախտում է «Պետական լեզվի մասին» ՀՀ օրենքը՝ Կարեն Կարապետյանը, ժպտալով, նշել է․ «Ձեր հարցից ես հասկացա, որ դուք արդեն կողմնորոշվել եք ու գիտեք, թե ում եք տալու ձեր ձայնը։ Իրականում պատմության ընթացքում մենք մեր ինքնությունը պահպանել ենք երեք սկզբունքների՝ ընտանիքի, հավատքի ու լեզվի շնորհիվ։ Չափազանց կարեւոր է պահպանել մեր լեզուն։ Արդյո՞ք մենք դրան ուշադրություն կդարձնենք։ Միանշանակ այո։
Մեր ծրագիրը հետաքրքիր է նաեւ նրանով, որ մենք ասում ենք՝ մենք ուզում ենք լինել ժամանակակից երկիր, որը ճանաչելի ու ընկալելի կլինի աշխարհի համար։ Բայց ոչ այն երեք սկզբունքների հաշվին, որոնց վրա մենք հենվում ենք։ Մենք պետք է հասկանանք, որ Երեւանը պետք է հասկանալի ու ճանաչելի լինի նաեւ մեր հյուրերի համար»











