Արդեն պաշտոնապես հայտնի է, թե ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում քանի մանդատ կստանան Ազգային ժողով անցած կուսակցություններն ու դաշինքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփ տվյալների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը կստանա 58 մանդատ, որից երեքը` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը` 31, որից մեկը ռուս համայնքի ներկայացուցիչ է, «Ելք» դաշինքը կստանա 9, իսկ ՀՅԴ-ն`7 մանդատ:

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումըԵթե դաշինքը նույն պահանջով Սահմանադրական դատարան չդիմի, նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին: Իսկ եթե ՍԴ-ն բողոք ստանա, անկախ այն հանգամանքից՝ ինչ որոշում կկայացվի, ապրիլի 27-ին Ազգային ժողովի նիստ չի լինի: Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը նշում է, որ Սահմանադրական դատարան կարելի է բողոքարկել մինչեւ ապրիլի 14-ը, որից հետո 15 օրվա ընթացքում՝ մինչեւ ապրիլի 29-ը, դատարանը պետք է որոշում կայացնի: Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո երրորդ հինգշաբթի օրը:

Մինչ այդ, Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկելիք հերթական քառօրյան չի կայացել. քվորում չեն կարողացել ապահովել: Առավոտյան նիստին ներկայացել է ընդամենը 18 պատգամավոր: Գրանցումը տեւել է երեք ժամ, սակայն դարձյալ բավարար թվով՝ 66 պատգամավոր չի գրանցվել:

Խորհրդարան գնացած լրագրողները Գալուստ Սահակյանից փորձել են ճշտել, թե ով կարող է նոր Ազգային ժողովում փոխարինել իրեն խոսնակի պաշտոնում: Սահակյանը հավանական է համարել, որ Կարեն Կարապետյանը՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, բայց հավելել է, որ Հանրապետական կուսակցությունը  դեռ որոշում չի կայացրել: Իսկ նոր խորհրդարանում ի՞նչ դերակատարում կունենա ինքը՝ Գալուստ Սահակյանը:

Լեւոն Զուրաբյանն էլ լրագրողներին շնորհակալություն է հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար, նաեւ ներողություն խնդրել, եթե որեւէ կծու-թթու խոսք է ասել: Ապրիլի 2-ին, ըստ Զուրաբյանի, իրենց չհաջողվեց քաղաքական մրցակցության պայմաններում ընտրություն կազմակերպել, նման ակնկալիք արդեն չունեն նաեւ Երեւանի ավագանու ընտրություններից, այդ պատճառով էլ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այդ ընտրություններին չի մասնակցի: Ի տարբերություն Զուրաբյանի՝ Զարուհի Փոստանջյանը Երեւանի ավագանու ընտրությունները լուրջ քաղաքական պայքարի հարթակ է դիտարկում: Նրա «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ակտիվ քարոզարշավի է պատրաստվում եւ իրենց մրցակից չի տեսնում:

Իսկ երեկ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետն էր: Մասնակցության հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական, «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների ընտրացուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի»-ի ցուցակը՝ նորաստեղծ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Ելք» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում Նիկոլ Փաշինյանն է

Ավագանու ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին: Մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակները կգրանցվեն ապրիլի 9-14-ին, իսկ ապրիլի 21-ին կմեկնարկի նախընտրական քարոզչությունը: Ընտրություններից հետո ավագանու անդամները Երեւանի քաղաքապետ կընտրեն:

Հայաստանում բացառիկ վիրահատություն է կատարվել: Առաջին անգամ արյան չարորակ հիվանդությամբ տառապող երկու հիվանդների ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվել: Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի նոր շենքն արդեն պատրաստ է, հայ մասնագետներն էլ Եվրոպայում վերապատրաստվել եւ գերմանացի մասնագետի գլխավորությամբ առաջին վիրահատությունն են կատարել: Գործողությունը չափազանց բարդ է. ինչպես թանկարժեք սարքավորումներ, այնպես էլ բուժանձնակազմի գիտելիքներ ու հմտություն է պահանջվում: Բայց մասնագետները վստահ են, որ հաջողություն կունենան: Ամեն տարի Հայաստանում շուրջ 60 հիվանդ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք է ունենում: Այս տարի ծրագրվում է 7-10 նման գործողություն կատարել: Չի բացառվում, որ հայ մասնագետներին կսկսեն դիմել նաեւ հիվանդներ հարեւան երկրներից:

Եգիպտոսի Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքներում ղպտիների եկեղեցիներում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 44-ի, 126 վիրավոր կա: Պայթյունները որոտացել են կիրակի Ծաղկազարդի տոնի առիթով մատուցվող պատարագի ժամանակ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Եգիպտոսի նախագահի հրամանագրով երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել: Ահաբեկչություններից հետո, սակայն, Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի չեղարկել ապրիլի վերջին Եգիպտոս կատարելիք այցը:

Երեւանում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Այսօր Մյասնիկյան պողոտայում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը: Վարորդը՝ 24-ամյա Հարություն Մանթաշյանը, տեղում մահացել է:

Դավիթաշենում մթության քողի տակ ծառեր են հատել: 5 բարդի եւ 24 թեղի են կտրել՝ հաստաբուն ծառերից միայն կոճղեր են մնացել: Բնապահպանության նախարարության հաշվարկով՝ շրջակա միջավայրին 2 մլն 860 հազար դրամի վնաս է հասցվել: Ոստիկանությունն ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման է ենթարկել 51-ամյա Ալեքսան Սամսոնյանին: Ըստ տեղեկությունների՝ նա «Սամսոն Սամսոնյան» ընկերության տնօրենն է, «Դելֆին» մանկապատանեկան դպրոցի տերերից մեկը, որի դիմաց էլ հատվել են ծառերը:

«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը տոնական տրամադրություն էր: Խորվաթիայից Հայաստան ժամանեցին ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու մյուս մեդալակիրները: Մեծահասակների կազմում առաջին ոսկե մեդալը նվաճած Մարտիրոսյանն ասում է՝ Խորվաթիա էր գնացել հենց ոսկե մեդալ բերելու: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե: Թիմային հաշվարկում Հայաստանը 6 մարզիկով 6-րդ տեղն է զբաղեցրել:

Դոլարի վերելքը շարունակվում է, եվրոն էժանանում է: Արդյունքում դոլարի փոխարժեքն ապրիլի 10-ին կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 8 դրամ 47 լումա, ֆունտինը՝ 602 դրամ:

Ապրիլի 11-ին օրվա երկրորդ կեսին հանրապետության հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, ամպրոպ եւ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն: