Հետաքրքիրն այն է, որ պաշտոնական թշնամին բոլորի կողմից Իսլամական պետությունն է ճանաչվում, բայց կարծես թե բոլոր գործողությունները Իսլամական պետության դեմ չեն կատարվում:

Սիրիայի շուրջ վերջին զարգացումների, այդ տարածաշրջանում գերտերությունների շահերի համատեքստում սպասվող փոփոխությունների մասին NEWS.am–ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ 

Ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով 59 Tomahawk հրթիռ արձակվեց կենտրոնական Սիրիայում գտնվող կառավարական զորքերի ավիաբազայի վրա: Ինչո՞վ էր պայմանավորված ԱՄՆ հարվածը Սիրիական ավիաբազային, ու ի՞նչ հետևանքների դա կհանգեցնի:

Ընդհանրապես, շատ տարբեր կարծիքներ կան, և, բնականաբար, մենք առաջին ձեռքից տեղեկատվությանը չենք տիրապետում: Այստեղ պետք է մի կարևոր բան նշել, որ նման կոնֆլիկտները, ինչպես ժամանակին Կորեական կամ Վիետնամի պատերազմներն էին, ունենում են շատ հետաքրքիր առանձնահատկություն. աշխարհի ինչ-որ մի կետում ինչ-որ կոնֆլիկտ է առաջանում, և այդ կոնֆլիկտի շուրջ շատ տարբեր հարցեր են լուծվում: Այսինքն՝ հիմնական խնդիրը ոչ թե բուն կոնֆլիկտն է լինում, այլ կոնֆլիկտի շուրջը տիրող իրավիճակը: Հիմա Սիրիայում տարբեր երկրներ տարբեր խնդիրներ են լուծում, այդ թվում՝ իրենց ներքին խնդիրները: Թրամփը երկրում իր հեղինակությունն է բարձրացնում: Թրամփի շրջապատը նրան պարտադրում է անել մի բան, ինչի հակառակն էր նա ասում իր նախընտրական խոստումների ժամանակ: Ֆրանսիայում հիմա նախագահական ընտրություններ են, և հիմնական խնդիրներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Ռուսաստանի ներսում կան դժգոհություններ, և նման արտաքին կոնֆլիկտները օգտագործվում են կամ ղեկավարության հեղինակությունը բարձրացնելու, կամ ասելու համար, թե մենք վտանգի մեջ ենք, եկեք համախմբվենք և այլն: Հետաքրքիրն այն էր, որ հրթիռակոծությունից հետո Սիրիան իրեն շատ ակտիվ դրսևորեց, Հյուսիսային Կորեան դատապարտեց հրթիռակոծությունը Սիրիայում, և ամերիկյան ռազմանավերը գնացին դեպի Հյուսիսային Կորեա: Այսինքն՝ սա մի թնջուկ է, որի շուրջ ինչ-որ գործընթացներ են կատարվում: Սիրիայում ամեն կատարվածը մենք չպետք է միայն Սիրիայով պայմանավորենք: Հետաքրքիրն այն է, որ պաշտոնական թշնամին բոլորի կողմից Իսլամական պետությունն է ճանաչվում, բայց կարծես թե բոլոր գործողությունները Իսլամական պետության դեմ չեն կատարվում: Այս առումով, իհարկե, շատ դժվար է ասել՝ կոնկրետ այդ հարվածը ինչ նպատակ էր հետապնդում:

Սակայն հետագա դեպքերը ցույց են տալիս, որ շատ խիստ դրվել է հենց Ասադին իշխանությունից հեռացնելու խնդիրը: «Մեծ յոթնյակի» հանդիպումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարն արդեն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ Ասադի հարցը, և մյուս կողմից՝ Իրաքի ռադիկալ շիաների առաջնորդը, որն Իրանի ազդեցության տակ է, շատ տարօրինակ կերպով հայտարարեց, որ Ասադի հեռանալու ժամանակն է: Հիմա հարցը հետևյալն է. եթե խնդիրը Ասադի հարցն է, ապա դա ի՞նչ է նշանակում: Եկեք փորձենք հասկանալ: Սիրիան մի կործանված երկիր է, որում տարբեր խմբավորումներ պատերազմ են վարում, և եթե Ասադը հեռանում է, ապա այդ երկիրը մնում է առանց օրինական իշխանության, իսկ նոր իշխանություն հնարավոր չի ձևավորել պատերազմող երկրում: Եթե չկա օրինական իշխանություն՝ չկա Սիրիա որպես միասնական պետություն: Դա նշանակում է, որ Սիրիայի, որպես միասնական պետության խնդիրն է դրվում, և Ռուսաստանն ու Իրանը ուլտիմատիվ կարգով տեղեկացվել են, որ իրենք պետք է, ըստ էության, հաշտվեն Սիրիայի, որպես միասնական պետության չգոյության հետ։ Իսկ եթե Սիրիայում միասնական պետություն չկա, արդեն այստեղ մի այլ իրավիճակ է ստեղծվում, որը արդեն շատ հետաքրքիր քննարկումների թեմա է:

Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ Սիրիայում տեղակայված ռուսական հակահրթիռային համակարգերը չկարողացան չեզոքացնել ամերիկյան հարվածը:

Ռուսաստանցի և արևմտյան ռազմական փորձագետների կարծիքով՝ հիմնական խնդիրն այն էր, որ եթե չեզոքացվեին, դա արդեն վերածվելու էր ռազմական գործողության Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Խնդիրն այն չէր՝ կարողացան թե ոչ, այլ այն, թե ռուսները պատրաստ են դրան գնալ, թե ոչ: Հատկապես նշվում է, որ առնվազն երկու ժամ առաջ նրանք զգուշացվել էին:

ԱՄՆ-ը նախ հարվածեց Սիրիական ավիաբազային, հիմա ամերիկյան նավատորմը ուղևորվում է դեպի Հյուսիսային Կորեա, և Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ինքն ինքնուրույն կլուծի Հյուսիսային Կորեայի հարցերը: Արդյոք այս ամենը չի՞ նշանակում, որ աշխարհը կանգնած է նոր պատերազմի առաջ:

Նախ պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Հյուսիսային Կորեան: Երբ ինչ-որ խնդիրներ են առաջանում Չինաստանի հետ կապված, Հյուսիսային Կորեայի ղեկավարը ինչ-որ հայտարարություններ է անում: Բոլորը հասկանում են, որ, իհարկե, Հյուսիսային Կորեան այնքան էլ կանխատեսելի երկիր չէ, բայց այն ամբողջությամբ կախված է Չինաստանից՝եւ տնտեսապես, եւ ռազմական առումով: Այսինքն Հյուսիսային Կորեայի հարցը դնելը զգուշացում է նաև Չինաստանին: Պատահական չէր, որ Չինաստանի ղեկավարը այդ ժամանակ ԱՄՆ-ում էր և բանակցություններ էր վարում Թրամփի հետ: Եվ Չինաստանի արձագանքը նույնպես այդքան էլ կոշտ չէր: Դա էլ է շատ հետաքրքիր։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ շատ լուրջ փոփոխություններ են գնում, և հատկապես Մերձավոր Արևելքում արդեն, եթե կասկածի տակ է դրվում Սիրիայի որպես պետություն գոյությունը՝ հաշվի առնելով քրդերի, սունիների, շիաների գործոնը, Իրանի ազդեցությունը Սիրիայում, որը նույնպես արդեն հարցականի տակ է դրվում, հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի արձագանքները, որը նույնպես շատ ակտիվություն է դրսևորում, այսինքն այստեղ շատ մեծ փոփոխություններ են սպասվում՝ սահմանների փոփոխություն: Նույն Թուրքիայում նույնպես շատ հետաքրքիր գործընթացներ են գնում. չգիտեմ՝ որքանով հավաստի, արդեն խոսվում է  Ինջիրլիքի ռազմաբազան Սիրիա տեղափոխելու մասին, այսինքն ԱՄՆ-ն շատ լուրջ հաստատվում է Սիրիայում: Ռուսաստանն արդեն չարտերային չվերթներն է դադարեցրել Թուրքիայի հետ, Թուրքիան, ըստ վերջին տեղեկությունների, Իրան-Հայաստան-Ադրբեջան սահմաններին ականներն է վերացնում, նույնպես անհասկանալի է, թե ինչու հիմա, և ինչ է դա նշանակում, սակայն մի բան հստակ է, որ շատ լուրջ գործընթացներ են տեղի ունենում:        

ԱՄՆ Պետական դեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել՝ ըստ էության, պահանջելով, որ Ռուսաստանն աջակցի իրենց Ասադին հեռացնելու հարցում։ Ի՞նչ հետեւանքներ կունենա այս վերջնագիրը։

Շատ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն հետևանքները: Իմ կարծիքով՝ Ռուսաստանին նահանջելու տեղ է թողնված, սակայն Ռուսաստանը նահանջելով պետք է իր դեմքը կարողանա փրկել բուն Ռուսաստանում, իր հանրության շրջանում և միջազգային հանրության մոտ, և նաև Սիրիայի, Իրանի հետ կապված ցույց տա, որ ինքը իր դաշնակիցներին այդպես միանգամից չի հանձնում, այսինքն իմ կարծիքով Ռուսաստանն այլ ելք չունի, ուղղակի հիմա հարցն այն է, թե ինչպես պետք է դեմքը փրկի և որքանով ԱՄՆ-ն պայմաններ կստեղծի, որ Ռուսաստանը պատվով նահանջի:

Որքանո՞վ իրատեսական եք համարում Բաշար ալ-Ասադի հեռացումը և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել: 

Բոլոր այն հոդվածագիրները, որոնք ունեն ներքին տեղեկատվություն, որոնք տեղյակ են Սիրիայի ներքին կյանքին, ասում են, որ Ասադի իշխանությունը շատ պայմանական է Սիրիայում: Խոսել միացյալ պետական բանակի մասին՝ լուրջ չի: Այդ բանակը տարբեր զորամիավորումներից է կազմված և կենտրոնական դեր այնտեղ տանում են այդ զորամիավորումների հրամանատարները: Դա կարծես թե  կիսամասնավոր բանակ լինի, որը միայն ֆորմալ առումով կարելի է պետական բանակ անվանել։ Ասադի ազդեցությունը այնքան էլ շատ չի: Ասադը խորհրդանշական առումով ընտրված նախագահ է: Այսինքն ինքն այսօր խորհրդանշում է Սիրիայի այդ միասնականությունը: Ասադի խնդիրը, դա Սիրիայի պետության գոյության խնդիրն է: Խոսել, որ այսօր Ասադը մեծ ազդեցություն ունի Սիրիայում, այնքան էլ ճիշտ չի լինի: