Աստանայի գագաթաժողովին նախորդող ողջ տեղեկատվությունը քարոզչություն է: Ադրբեջանական կողմի քարոզչության արդյունք է նաեւ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե Աստանայում հնարավոր է ճանապարհային քարտեզ ստորագրվի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի նպատակն է Հայաստանի վրա ազդել քարոզչության միջոցով:

Մանոյանի կարծիքով, լուրջ հիմքեր չկա առաջընթաց ակնկալել Աստանայում:

«Ադրբեջանը նախկինի պես չի ցանկանում ոչինչ լսել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այն օրը, երբ Ադրբեջանը կհայտարարի, որ Ղարաբաղի կարգավիճակն իր համար ընդունելի է, կարելի կլինի խոսել առաջընթացի մասին: Հետեւաբար, կարծում եմ, Աստանայում կհնչեն նույն հայտարարությունները, ինչպես ԵԱՀԿ նախկին գագաթաժողովներում»,- նշել է Մանոյանը: