Երեւանի գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ուզում է ծանոթանալ մրցակիցների՝ «Ելք» դաշինքից եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերին, բայց չի գտնում դրանք: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Տարոն Մարգարյանը:

Մարգարյանն ու ՀՀԿ-ից ավագանու մյուս թեկնածուներն այսօր հանդիպել են Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, ինչո՞ւ է հրաժարվում մրցակիցների հետ բանավեճերից, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Մենք մեր նախընտրական ծրագիրը ներկայացնում ենք ժողովրդին: Եվ մենք պետք է միայն մեր ծրագրերը ներկայացնենք, իսկ ժողովուրդը կորոշի՝ ո՞ր ծրագրին հավատալ: Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չեմ տեսել մեր մրցակիցների ծրագրերը: Դուք դրանք տեսե՞լ եք կամ լսե՞լ եք դրանց մասին: Մենք հանրությանը հստակ տպագրված ծրագիր ենք ներկայացնում: Եթե կարդացել եք նրանց ծրագրերը, ես կխնդրեի ինձ գոնե մեկ օրինակ փոխանցել, ես նույնպես կցանկանայի կարդալ»: