Արդյոք մեր ընդդիմախոսները մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները օգտվել են հանրային տրանսպորտից, թե՞  քարոզչության ժամանակ են տրանսպորտի մասին հիշել։ Լրագրողների հետ զրույցում մայիսի 2-ին նման հարց է տվել Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, անդրադառնալով «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը նրան մեղադրել էր հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված հերթական ստի մեջ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները՝ 2013-ին Տարոն Մարգարյանը հավաստիացնում էր, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա, իսկ ընտրություններից հետո, այդ նույն տարվա հուլիսին, Երեւանի քաղաքապետն արդեն հայտնել էր, որ հնարավոր է գների բարձրացում։ Դրան ի պատասխան՝ Տարոն Մարգարյանն ասել է «Ես դեռ 2013-ին հստակ ասել էի , որ հանրային տրանսպորտի ուղեվարձը չպետք է բարձրանար։ Բայց քանի որ տրանսպորտի ոլորտը ճգնաժամ է ապրել, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ու մենք հանդես ենք եկել առաջարկով։ Այդ առաջարկը չի ընդունվել։ Եվ այսօր, երբ մարդիկ ասում են, որ տրանսպորտը շատ վատ վիճակում է, մեղավոր են նախեւառաջ այն ընդդիմախոսները, որոնք հայտնել էին, որ քաղաքային իշխանությունները չի ապահովում տրանսպորտ։ Տրանսպորտի ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Այսօր մեր ընդդիմախոսները հայտարարում են, որ օգտվում են տրանսպորտից։ Դուք վստա՞հ եք, որ մինչեւ ընտրությունները նրանք տրանսպորտից օգտվել են։ Կամ ընտրություններից հետո օգտվելու են տրանսպորտից»։

Այն հարցին, արդյոք նա ինքը հասարակական տրանսպորտից օգտվում է, Տարոն Մարգարյանը պատասխանել է․ «Բնականաբար ոչ։ Իսկ մեր ընդդիմախոսները մինչեւ ընտրությունները հասարակական տրանսպորտից օգտվո՞ւմ էին, թե՞ տրանսպորտի մասին քարոզարշավի ժամանակ են հիշել»։