Հայաստանի հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի քաղաքական կոալիցիա ձեւավորելու հուշագրում առկա է դրույթ այն մասին, որ ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին։ Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ քաղաքական կոալիցիա ձեւավորելու հուշագրի ստորագրումից հետո ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ հուշագրում մեկ այլ պաշտոնի մասին խոսք չկա։ «Կա միայն մեկ բացառություն՝ վարչապետին առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Մյուս բոլոր հարցերը կքննարկվեն նախատեսված ժամկետներում»,-նշել է Վարդանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք 2018 թվականից հետո վարչապետ լինելու եւ երկիրը ղեկավարելու պատրաստականության մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունը կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք է, թե պարզապես ցանկություն, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ վարչապետի թեկնածություն կառաջադրի Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

«Վարչապետի թեկնածություն կառաջադրի Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Կարծում եմ, սա սպառիչ, քաղաքական, իրավական ու հանրային պատասխան է ձեր անհանգստությանը՝ կապված այն բանի հետ, թե ինչ կլինի 2018 թվականի ապրիլի 9-ից հետո։ Այդ պատասխանները կտրվեն քաղաքական որոշումներ ընդունելու ընթացքում, հատկապես՝ երբ քաղաքական որոշումներ ընդունելու մեխանիզմները հստակ են», - ասել է նա։