Հայաստանի բնապահպանության նախարարության, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը ահազանգ էր ստացել, որ վթարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակը, ինչի հետևանքով կեղտաջրերը հոսում են Ողջի գետ:
ԲՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարածքային բաժնի տեսուչները մեկնել էին դեպքի վայր եւ պարզել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի հատակային մասը 36մմ-ով ճեղքվել էր: Այդ ընթացքում մոտ 50 տոննա ապարախյուս հոսել է Ողջի գետ, կախյալ նյութերն, ըստ լաբորատոր ֆիզիկոքիմիական հետազոտության, կազմում են 9.990 միլիգրամ լիտր:
Վթարից անմիջապես հետո ձեռնարկվել են վերանորոգման աշխատանքներ` փակվել է պոչատարը, հոսքաջրերի ուղղությունը տեղափոխելով պահեստային պոչատար , ինչից հետո վերականգնել են ճեղքված հատվածը:
Հաշվարկվել է բնության հասցված վնասը, ինչը կազմել է 650.000 դրամ եւ կայացվել է 100 հազ, դրամի վարչական տուգանքի որոշում:
Վթարը ամբողջությամբ վերացված է , գործում է նախկին պոչամբարը:





























