Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 19-ի գիշերը տեղի ունեցած սպանության փաստով ժամկետային զինծառայող է ձերբակալվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ նոյեմբերի 19-ի, ժամը 24-ի սահմաններում N զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նույն զորամասի ժամկետային 4 զինծառայողներ մահացել են ստացած հրազենային վիրավորումներից, իսկ 4 զինծառայողներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում «2 եւ ավելի անձանց սպանության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանություն) հատկանիշներով:

Քրեական գործով կասկածյալը, ով հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, ձերբակալված է: Նրա տվյալները եւ քրեական գործի այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով դեռ հրապարակման ենթակա չեն: