Աստանայում ղարաբաղյան կարգավորման հարցով վճռորոշ փաստաթղթի ստորագրումն անհնար է: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ նկատելով, որ Աստանայում ընդգծվելու է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման կարեւորությունը:
Դավթյանի կարծիքով, փաստաթղթի ստորագրումն անհնար է առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը պարբերաբար տորպեդահարում է կարգավորման գործընթացը: Երկրորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները բազմիցս հայտարարել են, որ իրենք նպաստում են կարգավորման գործընթացին եւ իրենց համար ընդունելի է ցանկացած որոշում, որը փոխընդունելի կլինի կողմերի համար:
«Սակայն ինչպե՞ս կարող է փոխընդունելի որոշում կայացվել, եթե հակամարտության գլխավոր կողմերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առայժմ չի մասնակցում բանակցային գործընթացին»,- ասել է պատգամավորը եւ հավելել, որ բանակցային գործըթնացն ավելի լավ է, քան կողմերի միջեւ շփումների բացակայությունը:





























