Հայաստանում կան 5-6 օլիգարխներ, ովքեր ստեղծել են ինքնաբավ տնտեսական, ֆինանսական համակարգեր, ներքին բանկեր, որոնք փողի պահանջ չունեն եւ ենթակա չեն որեւէ կանոնակարգի: Այս մասին նոյեմբերի 22-ին բանկային աշխատողի օրվա առթիվ հրավիրված ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը: Նա նշեց, որ այս համատեքստում հատկապես կարեւոր է ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը, մինչդեռ այդ կառույցի հնարավորությունները խիստ սահմանափակ են:
ԿԲ նախկին նախագահը նկատեց նաեւ, որ այսօր բանկային համակարգի դերը Հայասատանի տնտեսության մեջ խիստ նվազ է: Թեեւ բանկային համակարգի ցուցանիշներով՝ վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ձգտում է մոտավորապես 20-25 տոկոսի, սակայն բանկերը տնտեսության մեջ էական դերակատարում չունեն: «Տարիներ առաջ՝ 1994-95 թվականներին, մենք կարծում էինք, որ բանկերն իրենց վրա պետք է վերցնեն հիմնական բեռն ու պատասխանատվությունը եւ տնտեսությունն առաջ քաշողը պետք է լինեն: Սակայն հակառակ պատկերն է: Բանկերը գտել են իրենց «նիշան» հասարակության մեջ՝ վարկեր են տալիս բարձր տոկոսներով եւ տնտեսության կողքը խաղաղ գոյատեւում են»,-ասաց Ասատրյանը եւ հավելեց, որ այս ամենի պատճառը տնտեսության մեջ ստվերի տեսակարար մեծ կշիռն է:





























