Պետք է տեսնենք արդյոք հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հանգամանքները կարող են նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության որոշմանը:
«Պետք է տեսնենք արդյոք այդ մարմնի ձեւավորման հանգամանքները տալիս են այդ հնարավորությունները, որ այն արդյունավետ գործի: Եթե հիմք ենք ընդունում միջազգային փորձը, տարօրինակ է հնչում, բայց ամենարդյունավետ նման մարմինը գործում է Ռումինիայում: Այդ մարմինը մեծ լիազորությամբ է օժտված եւ արդյունավետ է գործում: Հիմա եթե այդ օրինակը գործի Հայաստանում,
դա դեռեւս չի նշանակում արդյունավետություն, բայց ես վստահ եմ, որ այդ մարմնին տրված ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն այն չափ կլինեն, որ մենք կարողանանք արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: Այն կարող է ավելի զսպիչ լինել»,-ասել է նախկին գլխավոր դատախազը:
Նշենք, որ կառավարությունն առաջարկել է բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծել:











