NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց «Ռոսնանո» կորպորացիայի փոխնախագահ, բլյուզմեն երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանի հետ։ Արմատներով Կարսից ռուսաստանցի գործարարը պատմում է իր ընտանիքի դժվար ճակատագրի, հայկական ինքնության պահպանմանը իր պապի մասնակցության, նաեւ արեւային վահանակների պատրաստման հարցում համագործակցության ու այն մասին, թե ինչպես էր Երեւանում հայկական օրորոցային կատարել ու ԼՂՀ-ում համերգներ տվել։

Պարոն Ավետիսյան, որերո՞րդ անգամ եք Հայաստանում։

Արդեն այն անգամն է, որ էլ չեմ կարող հիշել, թե որերորդ անգամն եմ Հայաստանում, դրա համար էլ կարող եմ պարզապես պատասխանել՝  ես շատ անգամներ եմ այցելել Հայաստան։

Հիմնականում Երեւանո՞ւմ եք անցկացնում ժամանակը, թե՞ շրջում եք երկրում։

Ոչ, ինչու, ես եղել եմ Ստեփանակերտում, այցելել բոլոր տեսարժան վայրերը։ Բացի դրանից Դիլիջանում մեր բացած դպրոցն էլ է մեզ պարտավորեցնում լինել այնտեղ։ Իհարկե, ես չեմ կարող ասել, որ ամբողջ երկիրը տեսել եմ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է։

Ասացեք, արմատներով որտեղի՞ց եք ու ի՞նչ գիտեք ձեր նախնիների մասին․․․

Իմ նախնիները Կարսից են փախել: Նախապապս երկու եղբայր ուներ, նրանցից մեկը Ղրիմում հայ կաթոլիկ եկեղեցու հովվապետն էր: Եվ երբ նախապապիս ընտանիքը Բաթումի մեկնող շոգենավը նստեց, որը Ֆրանսիա էր նավարկում, շոգենավը կանգ առավ Ղրիմում: Այնտեղ նրանց դիմավորեց եղբայրը ու համոզեց մնալ: Մինչեւ հիմա այնտեղ ապրում են հորեղբայրս, զարմիկս:

Առհասարակ, իմ ընտանիքը հեշտ պատմություն չի ունեցել։ Այդ պատմության մեջ ամեն ինչ եղել է ՝ ե՛ւ սպիտակ հակահետախուզությունը, ե՛ւ ակտիվ մասնակցությունը Ղրիմի հայ համայնքի կյանքին, նրանք վերապրել են այն ժամանակները, երբ հայերին, մյուս ազգությունների հետ, արտաքսում էին Ղրիմից... Մի խոսքով՝ այդ երկրի գրեթե ամբողջ պատմությունը:

Հետաքրքիր է, որ մեր տանն այդ մասին երբեք չեն խոսել: Ոչ ոք երբեք չի ասել, որ տատիկս Սանկտ Պետերբուրգում է սովորել, Սմոլնիում․․․ բոլորն այն ժամանակ վախենում էին: Ոչ ոք չի խոսել, որ նախապապս բռնաճնշումների զոհ է դարձել ու մահացել ճամբարում՝ արդարացումից ուղիղ մեկ ամիս առաջ. նրան 1953-ին ամբողջությամբ արդարացրել էին։

Բայց այնպես ստացվեց, որ մենք կարողացանք ձեռք բերել բոլոր փաստաթղթերը, մինչեւ անգամ Ղրիմում հոգեւորական նախապապիս հարցաքննությունը: Նրան մեղադրում էին սպիտակներին համակրելու մեջ, չնայած նա քաղաքականության հետ ոչ մի առնչություն չուներ... Այն ժամանակ եկել էին հայկական ընտանիքներ՝ բոլոր փաստաթղթերով ու անձնագրերով ու նրանց հանել ՉեԿա-ից։

Պատերազմը նույնպես մեզ չի շրջանցել: Պապս մասնակցել է պատերազմին, վիրավորվել: Ես Հաղթանակի օրվանից 13 տարի անց եմ ծնվել: Չէ՞ որ դա բոլորովին վերջերս է, երեկ էր: Եվ այդ ամենի մասին չի կարելի է մոռանալ:

Իսկ ե՞րբ իմացաք, թե ապրիլի 24-ն ինչ օր է:

Այդ մասին, իհարկե, տանն իմացա, քանի որ ազգականներիցս մեկը՝ Վարդգես Թեւեքելյանը, մեծ գրող էր: Նրա գրքերից մեկը՝ «Կյանքը նորից է սկսվում», այդ թեմային էր նվիրված: Պապս նույնպես ինձ շատ բան էր պատմում...

Ինքներդ դատեք. ես ծնվել եմ Սամարայում, մայրս ռուս է, շուրջ բոլորս ռուսներ էին, ռուսական մշակույթի ազդեցությամբ էի մեծանում: Եվ ազգային ինքնությունը ես չեմ կորցրել պապիս ու տատիս շնորհիվ: Առաջին հերթին պապիս, որն ինձ անընդհատ ասում էր. «Մենք մի օր անպայման միասին Հայաստան կգնանք»: Եվ ես ասում եմ, որ միշտ զգում եմ, որ նա այստեղ է՝ կողքիս:

Ձեր գործնական կյանքի մասին․․․ որպես «Ռոսնանո»-ի եւ «Ռոստեխ»-ի մենեջեր, փորձե՞լ եք կապեր հաստատել հայկական ընկերությունների, հետազոտական ինստիտուտների հետ:

Ես գործարար եմ եւ բաց եմ բոլորի համար։ Ցանկացած առաջարկ մենք քննարկում ենք: Կարծում եմ՝ մենք բազմաթիվ շփման եզրեր ունենք ե՛ւ այլընտրանքային էներգետիկայի առումով, ինչով ես հիմա հիմնականում զբաղվում եմ «Ռոսնանո»-ում, ե՛ւ այլ նախագծերի: Առայժմ որոշակիություն չկա, բայց հիմա ձեզ մոտ արեւային էներգետիկայով զբաղվող տղաների հետ պայմանավորվել ենք հունիսի սկզբին հանդիպել Մոսկվայում ու քննարկել, թե ինչ կարող ենք անել միմյանց համար։

Դեպի Հայաստան իմ շրջադարձը տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթությունից հետո։ Մենք պատահաբար ենք ծանոթացել։ Տենդեր էր հայտարարված, ու մենք առաջ անցանք այն ժամանակ դեռ երիտասարդ «Տրոյկա դիալոգ» ընկերությունից։ Այն ժամանակ Ռուբենը ցանկացավ ծանոթանալ ինձ հետ։ Ազգանվան վերջավորությունից ես հասկացա , որ այդ ծանոթությունն անխուսափելի է։ Այդ ժամանակվանից մենք մտերիմ ընկերներ դարձանք։ Նա է ինձ առաջին անգամ Հայաստան բերել ու նա է ինձ հրավիրում բոլոր այն նախագծերին, որոնք իրականացնում է որպես բարերար։

Այդ իմաստով առաջատարը իհարկե նա է, իսկ ես հետեւողն եմ։ Գործով ու իրադարձություններով այսպիսի օգնությունը շատ կարեւոր է Հայաստանի, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրի համար։

Ինչ ուղղություններով եք մտադիր համագործակցել, արեւային վահանակների արտադրությա՞ն, թե՞ այլ:

Հիմա «Հեվել» գործարանը, որտեղ մենք համաներդրողներ ենք, անցել է արեւային վահանակների արտադրության առաջատար տեխնոլոգիայի: Ի տարբերություն բարակ թաղանթավոր տեխնոլոգիայի՝ որոնք ունեն 8-9 տոկոս ՕԳԳ, այն ունի մինչեւ 23 տոկոս ՕԳԳ։ Բացի դրանից այս տեխնոլոգիան թույլ է տալիս վահանակներ արտադրել երկու ակտիվ կողմերով ՝ ե՛ւ արեւային, ե՛ւ ստվերային:

Մենք ուզում ենք քննարկել ոչ միայն գործարանների, այլեւ կայանների կառուցումը եւ դրանց շահագործումը։ Հայաստանի արեւն այս նպատակի համար Աստծո պարգեւ է։

Մենք ակտիվորեն զարգացնում ենք նաեւ հողմային էներգետիկան: Չուբայսը վաղեմի երազանք ունի. միավորել արեւը, քամին ու դիզելը՝ ինքնավար համակարգ ստեղծելու համար, այն վայրերի համար, որտեղ էլեկտրահաղորդման գծերը չեն հասել:Իրականում այդ մասին կարելի է անվերջ խոսել։

Ինչպե՞ս որոշեցիք այստեղ համերգ տալ։

Այնպես ստացվեց, որ այստեղ «Ավրորա»-ի արարողությունից առաջ երգում էի: Ինձ առաջարկեցին դահլիճից միանալ ու մի հատված կատարել օրորոցայինից: Այն ե՛ւ տխուր է, ե՛ւ երջանիկ, նաեւ մարդկանց հույս է տալիս... Բնականաբար առաջարկեցին հայերեն երգել: Ցավոք, հայերեն չգիտեմ: Իսկ երբ երգի բառերը չես հասկանում, բավականին դժվար է տեքստը զգացմունքային ներկայացնելը։ Բարեբախտաբար հենց կատարումից առաջ տեքստը թարգմանեցին ինձ համար ու գրեցին լատինական տառերով։

Ես միշտ հորս ասում եմ. «Դե լավ, ինձ չեք սովորեցրել հայերեն, բայց դե ես այնուամենայնիվ ռուսական միջավայրում եմ մեծացել, իսկ դու ինչպե՞ս ես հաջողացրել չսովորել հայերեն»: Իսկ հայրս պատասխանում է. «Մենք տանը բոլորս ռուսերեն էինք խոսում»:

Ուրի՞շ որեւէ տեղ համերգներ ունեցել եք։

Ես Ղարաբաղում էլ համերգներ եմ տվել։ Առաջին անգամ մենք ելույթ ունեցանք Ստեփանակերտի մշակույթի տանը: Եվ Բակո Սահակյանն ասաց. «Այս ի՞նչ արեցինք, հարկավոր էր բոլոր աթոռները դուրս հանել, որպեսզի ավելի շատ մարդ կարողանար ներկա գտնվել: Ամռանն արի, հրապարակում ելույթ կունենաս»: Մենք եկանք, սարսափելի անձրեւ էր: Բեմը պարզապես հեղեղվել էր: Առաստաղային կոնստրուկցիաները չէին դիմացել, ամբողջ գիշեր տեխնիկները մաքրում էին ջուրը։ Իսկ Բակո Սահակյանն ասում է. «Մի՛ անհանգստացեք, երեկոյան անձրեւ չի լինի»: Եվ երկու ժամ անց ամպերը ցրվում են: Ու ելույթ ունեցանք: Հրապարակը մարդկանցով լեցուն էր: Գիտեք՝ այնքան էլ չեմ հասկանում նրանց, ովքեր ինձ ասում են. «Ինչո՞ւ ես Ղարաբաղ գնում: Դա չճանաչված հանրապետություն է»: Կամ՝ «Ինչո՞ւ ես Ղրիմ գնում»: Իսկ մենք ելույթ ենք ունեցել Սեւաստոպոլի հրապարակում: Տարածքը ճանաչված չէ, բայց չէ՞ որ մարդիկ այնտեղ ճանաչված են: Նրանք ապրում են: Ինչ է, ուզո՞ւմ եք երեխաներին մեկուսացնել: Ծերերի՞ն: Ի՞նչ է, նրանք արժանի չե՞ն, որ թատրոն ունենան, համերգներ լինեն: Մարդիկ ինչո՞վ են մեղավոր: Կարծում եմ՝ երաժշտի առաքելությունը դա խոչընդոտ չհամարելն է: