Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Մանկատան առողջական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները հունիսի 1-ի կապակցությամբ ներկայացում էին պատրաստել, որն ունկնդրելուց հետո նախարարը շրջայց կատարեց մանկատանն ու ծանոթացավ խնդիրներին:
Արտեմ Ասատրայնը նաեւ սեղանի թենիս խաղաց մանկական ուղեղային կաթվածով տառապող մանկատան սաներից Համլետ Արզումանյանի հետ. մանկատան սանը հաղթեց նախարարին:
Լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանը նշեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է շուրջօրյա գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպում: Նրա խոսքով, այս ճանապարհով կլուծվի երեխաների՝ իրենց կենսաբանական ընտանիք վերադառնալու հարցը: Նա նշեց, որ շուրջօրյա գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների թվականակը համեմատաբար նվազել է, սակայն, ցավոք սրտի, Հայստանում դեռ մանկատան փակվելու նախադեպ չի գրանցվել:
«Անհրաժեշտ է կարիքների գնահատում իրականցնել, հասկանալ, թե որ ծառայությունների բացակայության արդյունքում են երեխաները հայտնվել այսպիսի հաստատություններում եւ լրացնել այդ բացերը: Մենք արդեն ունենք վերաբացված գիշերօթիկ ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոն, այսինքն՝ անհրաժեշտ է բացերը լրացնել, այլընտրանքներ ստեղծել եւ այս դեպքում արդեն մանկատները կփակվեն, որովհետեւ նման ծառայության կարիք չի լինի: Կարեւոր է, որպեսզի այսպիսի հաստատությունները, որոնք այսօր կան եւ խնամք են տրամադրում երեխաներին, կարողանանք վերափոխել: Հաստատություններում պայմանները որքան էլ լավ լինեն, երեխայի համար ամենակարեւորը ընտանեկան պայմաններում մեծանալն է»,-ասաց նա:
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը կա առողջական եւ մտավոր խնդիրներ ունեցող 222 երեխա: Լրագրողների հետ զրույցում մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը նշեց, որ իրենց մոտ հիմնականում 6-18 տարեկան երեխաներ են ընդունվում, սակայան, այս պահին, քանի որ 18-ից բարձր տարիքային խմբին պատկանողներին այլ մանկատներ տեղափոխելու հնարավորություն չկա՝ շարունակում են մնալ իրենց մոտ: Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում ընդեմնը երկու դեպք է գրանցվել, երբ առողջական եւ մտավոր խնդիրներ ունցող երեխային ծնողները վերցրել են մանկատնից:














