Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնական դիրքը չարաշահելուն: Նախարարն այդպիսի դեպքերը կանխարգելելու կարեւոր հանգամանք համարեց այդպիսի հաստատություններում մոնիտորինգի եւ գնահատման համակարգի ամբողջականացումը:
«Յուրաքանչյուր դեպքը պետք է որպես առանձին դեպք դիտարկվի: Իհարկե, կա խնդիր, որը պետք է լուծում ունենա: Համակարգային լուծումը, որը նախարարությունը ձեռնարկել է, համապատասխան նորմատիվների սահմանումն է, այսինքն՝ երեխայի հաշվարկով ինչքան մասնագետ պետք է լինի տվյալ հաստատությունում: Մենք կենտրոնացված տեղեկատվական համակարգ չունենք, որովհետեւ յուրաքանչյուր պետական ոչ առեւտրային կազմակերպություն ինքնուրույն իրավաբանական անձ է: Մոնիտորինգի եւ գնահատման համակարգը մենք պետք է ամբողջականացնենք եւ այդ կարգի խնդիրները կարող ենք կանխարգելել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի Հասմիկ Մկրտչյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, մանկատան տարբեր հաստիքների վրա 2013-2016թթ. ընթացքում 19 քաղաքացիների անվամբ աշխատավարձ ձեւակերպելով՝ յուրացրել է 46 մլն դրամ:











