Նա մեզ համար Սվետլանա էր, բայց շատ ճիշտ ձեւով դարձավ Լուսինե: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Երեւանում օպերային երգչուհի, հոգեւոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ նշեց Հայկական երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը:
Երգչուհու բնակարանի մոտ հավաքված արվեստագետները, ընկերները, բարեկամներն ու պարզապես նրա արվեստին ծանոթ քաղաքացիները, ծաղիկներ դրեցին երգչուհու հուշատախտակի մոտ։
Ներկայացնելով իր հիշողոթյունները, Հայկական երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը նշեց. «Եթե հիշում եք նա մեզ համար Սվետլանա էր, բայց շատ ճիշտ ձեւով դարձավ Լուսինե։ Լուսավորեց իր ներկայությամբ մեր մշակույթը, արվեստը՝ երաժշտական արվեստը եւ մնաց անզուգական բարձրության վրա»։
Դավիթ Ղազարյանը ներկաներին պատմեց որ 1960-80-ական թվականներին մարդիկ շաբաթ եւ կիակի օրերին հատուկ գնում էին Էջմիածին Մայր տաճար՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ լսելու հոգեւոր երգերը։
«Մեզ հոգեհարազատ էր հոգեւորը, բայց այնքանով որքանով որ միայն եկեղեցու շրջանակներում էր լինում, հանրությանը քիչ էր ծանոթ, Լուսինեն կարողանում էր փայլուն պրոպագանդել եւ երբ նորից մեր ընկերության Արամ Տեր-Հովհանիսյանի երգչախմբի փայլուն կատարումով առաջին անգամ Եկմալյանի պատարագը հնչեցվեց՝ Լուսինեն էր մենակատարը, Խորեն պալյանի հետ միասին»- ասաց Դավիթ Ղազարյանը։
Իր ելույթում կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հիշեց մի պատմություն, թե ինչպես Քուվեյթում՝ Օշական սրբազանի խնդրանքով, Լուսինեն երգել էր մի հին եկեղեցատիպ կառույցում, եւ իր ձայնով գերել բազմաթիվ օտարերկրացիների. «Կամաց-կամաց շենքը լցվեց տարբեր ազգության մարդկանցով։ Նա ոչ միայն մերն էր, նա բոլորինն էր։ Ով լսում էր Լուսինեին, չէր մտածում, որ նա հայ կատարող է։ Լուսինեն իրենից ներկայացնում էր համաշխարհային դեմք»,- ասաց Արամ Սաթյանը։











