Երեւանի թիվ 190 դպրոցում բացված քննական կենտրոնում այսօր՝ հունիսի 2-ին, կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմության առարկաններից միասնական եւ ավարտական քննություն հանձնող դիմորդների ծնողները դժգոհ են քննական կենտրոնում տեղադրված էկրաններից (ֆոտոռեպորտաժ):

«Ոչինչ չի երեւում, նայում եմ նորմալ ոչինչ չեմ տեսնում: Երեխայիս չեմ գտնում, չգիտեմ էլ, թե որ համարի քննական սենյակում է, որ գոնե այդ էկրանի մեջ նրան փնտրեմ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Մեկ այլ դիմորդի ծնող էլ նշեց, որ իրենց միայն 10 րոպե են թույլ տալիս էկրաններից քննության ընթացքին հետեւել  եւ այդպիսով սահմանափում իրենց իրավունքները: Սակայն, քննական կենտրոնի աշխատակիցները նշեցին, որ կարգն է այդպիսին՝  ծնողներին թույլատրվում է խմբերով մոտենալ էկրանին,  10 րոպե հետեւել ընթացքին եւ հեռանալ:

Նշենք, որ թիվ 190 դպրոցում բացված քննական կենտրոնում կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմության առարկանների միասնական եւ ավարտական քննություններին 207 դիմորդ է մասնակցում:

Ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաների դիմորդները նույն քննական սենյակում են հանձնում քննությունները, իսկ կենսաբանություն առարկայից հանձնողները՝ երկու քննական սենյակում: Յուրաքանչյուր քննական սենյակի համար տեղադրված է մեկական էկրան:

Հայաստանում այսօր գործում է 13 քննական կենտրոն, իսկ Արցախում՝ 2:

Աշխարհագրությունից քննություն կհանձնի 271 դիմորդ, կենսաբանությունից 1171 եւ ընդհանուր պատմությունից՝ 88 դիմորդ:

Երեւանում գործում է երկու քննական կենտրոն՝ Երեւանի թիվ 170 եւ 190 դպրոցներում:

Միասնական եւ ավարտական հաջորդ քննությունը կլինի հունիսի 6 -ին՝ «հայոց լեզու» եւ «գրականություն» առարկաներից, հունիսի 9-ին տեղի կունենա ֆիզիկայի, հունիսի 13-ին՝ օտար լեզուների, հունիսի 16 –ին մաթեմատիկայի, հունիսի 20-ին հայոց պատմության եւ քիմիայի ու հունիսի 23-ին՝  ռուսաց լեզվի քննությունները: