Հունիսի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Վաղարշապատ ԲԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի եւ կրծքավանդակի աջ հատվածի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափովել մի երիտասարդ:

Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու, իսկ հարազատները նշել են, որ նա տանիքից է վայր ընկել եւ ստացել այդ վնասվածքները, սակայն իրավապահները պարզել են, որ նա վնասվածքներն ստացել է Արշալույս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները ճշտել են վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը եւ նույն օրը դանակահարության կասկածանքով բերման է ենթարկվել 25-ամյա Ալիխան Ա.-ն, ով խոստովանել է կատարածը:

Պարզվել է նաեւ դանակահարության շարժառիթը: կասկածյալն ու տուժողը դեմ-դիմաց հարեւաններ են: կասկածյալը որոշել է գիշերով իր տանը շինարարական աշխատանք կատարել: Բարձր աղմուկից վրդովված հարեւանը եկել ու նախատել էր հարեւանին, նա էլ իր հերթին վիրավորված հարեւանի խոսքերից, դանակով մի քանի անգամ հարվածներ էր հասցրել: «Եկել մտել սրբությանս մեջ խլեշ էր քրֆել: Մեր տան մեջ, ծնողներիս դեմը խլեշ ա քրֆել»,-նշել է Ալիխանը: